Մատչելիության հղումներ

«Ընտրողը մեզ ձայն է տվել, որ խաղաղություն ապահովենք»․ Անդրանիկ Քոչարյան


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 11-ը հունվարի, 2022թ․
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 11-ը հունվարի, 2022թ․

Ժողովրդի կամքը դրսևորվել է արտահերթ ընտրությունների արդյունքում, և «փառք Աստծո, Հայաստանում հերթական լարվածությունների հնարավոր չի հասնել, ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանը երազում տեսնի էդպիսի լարվածություններ»։ «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Չի իրականացնում այն ծրագիրը, որ ձևակերպել էր և ուղարկել էր Ազգային ժողով, տարիուկես ժամանակ տար, որ իշխանությունը ներսից քանդեն, «մինչև քոքը մաշեցնեն», չի ստացվում։ Ո՛չ փողոցում ունեցան հաջողություն, ո՛չ պառլամենտի մեջ կարողացան ցույց տան իրենց ուժը, որովհետև իրենք հանդիպեցին մեկ այլ ուժի, որը կանխեց իրենց պահվածքը, հետագա զարգացումը, և էդտեղ էլ հայտնվել են անորոշության մեջ», - ասաց իշխող կուսակցության պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահին առաջարկեց, որպեսզի «ինքը առաջնորդի իր երազած շարժումը այն ուղղությամբ, և ոչ թե պարտադրի, տանը նստած, մի ամբողջ ընդդիմադիր դաշտի պատգամավորներին իր ճաշակով ինչ-որ օրակարգ»։

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը վաղուց է մերժված, և դա միայն Սերժ Սարգսյանը չէր։ Եվ երբ Ռոբերտ Քոչարյանը փորձեց ցույց տալ, որ ինքը շանս ունի իշխանության գալու, ժողովուրդը միանգամից արձագանքեց և մերժեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու հնարավորությունը», - նշեց իշխանական պատգամավորը՝ շարունակելով․ - «200 հազար ձայնը դա Ռոբերտ Քոչարյանի ձայնը չէր՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ իշխանության կարոտախտով հիվանդացած համակարգերի ձայներն էին, իսկ նա անպայման կունենա իրեն մարդիկ, որոնք կորցրել են իշխանությունը և իրենց տեղը մինչև հիմա չեն գտնում»։

«Հայաստան» խմբակցությունը չի հավատում, որ միջանցք չի լինելու», - այս դիտարկմանը Քոչարյանն արձագանքեց․ - «Գիտե՞ք ինչ, հիմա ես չգիտեմ՝ «Հայաստան» խմբակցությունը էդպես է մտածո՞ւմ, թե՞ էդպես մտածում է Ռոբերտ Քոչարյանը, դրանք տարբեր բաներ են։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը առայժմ, ես տեսնում եմ, հսկայական ազդեցություն ունի «Հայաստան» խմբակցության վրա։ Բայց «Հայաստան» խմբակցությունը պետք է բոլորին ներգրաված լինի այն բոլոր գործընթացների մեջ, որպեսզի ավելի տեղեկացված լինի, հավատա՞, թե՞ չհավատա»։

«Ի վերջո, « Հայաստան» խմբակցությունը պետք է իր փակ նիստում, իր՝ խմբակցության, կանչի Ռոբերտ Քոչարյանին և հարցնի՝ Մեղրիի երկաթգիծը ի՞նչ եղավ, որ հիմա մենք ստիպված 200 միլիոն դոլար պետք է ծախս անենք, որպեսզի էդ երկաթգիծը վերականգնենք, ինչի՞ քանդեց։ Սեյրան Օհանյանին պիտի հարցնեն, իրենք են, Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ից կանչեն, Մեղրիի երկաթգիծը խի՞ քանդեցին, ի՞նչ կար, ի՞նչ շան գլուխ կար էնտեղ թաղած։ Քանի որ ժամանակին եղել եմ Մեղրիի արտակարգ դրության պարետ, շատ լավ հասկանում եմ երկաթգծի արժեքը, և մինչև հիմա էլ, պարզվեց, երկաթգիծը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի անվտանգության համակարգում», - շարունակեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։

«Ձեր ընտրողն ասում է՝ ձեզ ձայն ենք տվել, որ դուք էդ հարցերի պատասխանները մեզ տաք», - այս դիտարկմանն էլ Քոչարյանը հակադարձեց․ - «Մեր ընտրողը մեզ ձայն է տվել, որպեսզի մենք խաղաղություն ապահովենք»։

Հարցին էլ՝ «չկանչե՞ք պատասխանատվության», իշխող կուսակցության պատգամավորն արձագանքեց՝ «անպայման», իսկ թե երբ՝ ասաց․ - «Ես կարծում եմ, որ առողջացման գործընթացները ցավալի են, նաև դրա դեմ դիմադրողները ունեն մեծ կապիտալ, լրատվամիջոցներ, աջակցություններ, բայց էդ աջակցությունները գնալով նեղանալու են։ Օր-օրի դուք տեսնելու եք՝ իրենց իսկ աջակիցները, որովհետև իրենք էն հույսը, որ կապում էին արտահերթ ընտրություններից առաջ, որ կարող է նորից իշխանությունը վերադարձնելու հնարավորություն ունենան, օր-օրի սպառվում է։ Նաև ղազախական դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության համար պայքարը ոչ թե «քոք մաշեցնելով» պետք է լինի, այլ՝ ժողովրդի քվեն վայելելով»։

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG