Մատչելիության հղումներ

Հունաստանում ապաստանած պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանին կարող են արտաքսել Թուրքիա


Սևան Նիշանյանը, արխիվ
Սևան Նիշանյանը, արխիվ

2017-ի ամռանը թուրքական բանտից փախուստի դիմած և հարևան Հունաստանում ապաստանած պոլսահայ հայտնի մտավորական, հրապարակախոս Սևան Նիշանյանին հունական իշխանությունները կարող են արտաքսել Թուրքիա: Այս մասին սոցիալական ցանցի իր էջերում ահազանգել է Նիշանյանի կինը՝ Հերա Ցուրուն։

Հունաստանի քաղաքացիություն ունեցող կինը հայտնել է, որ իր հետ ամուսնացած լինելու հիմքով Նիշանյանի ստացած կացության իրավունքը դեկտեմբերի 29-ին տեղական իշխանությունները չեն երկարաձգել, իսկ հաջորդ օրը նա ոստիկանական բաժանմունք է կանչվել: Մեկ ժամ սպասեցնելուց հետո նրան ձերբակալել են, պատճառաբանելով, թե կացության կարգավիճակի ժամկետը մեկ օր առաջ լրացել է, և Նիշանյանն արդեն անօրինական է գտնվում Հունաստանում։

Հերա Ցուրուն «Ազատությանը» փոխանցեց, որ ստեղծված իրավիճակի պատճառը բյուրոկրատական խառնաշփոթն է: Նրա խոսքով, սպասում են, որ դատախազությունը վաղը պետք է ուսումնասիրի Նիշանյան գործը և որոշի, թե որ երկիր է նա արտաքսվելու: Թուրքիայի քաղաքացի մտավորականը 2019-ին նաև Հայաստանի քաղաքացիություն էր ստացել: Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է, թե ջանքեր է գործադրում Նշանյանին աջակցելու համար:

«Դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Հունաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչն այսօր այցելել է Սամոս կղզու ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է 65-ամյա մտավորականը, ծանոթացել պայմաններին։ Դեսպանատնից «Ազատությանը» այլ մանրամասներ չհայտնեցին՝ պատճառաբանելով գործի նուրբ բնույթը:

Հերա Ցուրուի փոխանցմամբ, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը ամեն ինչ անում է, որպեսզի արտաքսվելու որոշման դեպքում Նիշանյանը ոչ թե Թուրքիա, այլ Հայաստան ուղարկվի: 2014-ին Սևան Նիշանյանը ավելի քան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Մինչև 2017 թվականի ամառ նա գտնվում էր Իզմիրի Ֆոչայի բաց ռեժիմի բանտում:

Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցնող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2013-ին էլ նա 13.5 ամսով ազատազրկվել էր իր հրապարակմամբ Մուհամեդ մարգարեին վիրավորելու պատճառով: 2008-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Նիշանյանի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների հետևանք է: Նիշանյանի նկատմամբ հետապնդումները սկսվեցին գրքի հրատարակումից հետո։

XS
SM
MD
LG