Թուրք հաքերները կոտրել են անցած շաբաթ թուրքական բանտից փախած հայազգի հայտնի լեզվաբան, մտավորական Սևան Նիշանյանի թվիթերյան էջը: «CNN Türk»-ի հաղորդմամբ՝ «Ayyıldız Tim» կոչվող հաքերային խումբը լուսանկար ու տեսանյութ է տեղադրել Նիշանյանի էջում, ինչպես նաև հետևյալ գրառումն արել. «Մի հիմար ստախոս թռչուն արտասահման է փախել և դրանով պարծենում է: Ուրեմն այդ թռչունը բռնելու գործը մեզ է մնացել: «Ayyıldız Tim»-ը ողջունում է»:
Սևան Նիշանյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում նշել է․ «Շները տարվել են նաև իմ բլոգով»: Այժմ Նիշանյանը գրառումներ է անում միայն իր ֆեյսբուքյան էջում: Օրերս նա «Ֆեյսբուքի» միջոցով հայտնել էր Հունաստանից քաղաքական ապաստան խնդրելու և կեցության իրավունք ստանալու մասին:
Նախօրեին էլ նա գրել է, որ գտնվում է հունական Լերոս կղզում: 2014 թվականից ի վեր անազատության մեջ գտնվող Սևան Նիշանյանն անցած շաբաթ դուրս էր եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այլևս չէր վերադարձել: Իր փախուստի մասին Նիշանյանը հայտնել էր թվիթերյան էջում արված հետևյալ գրառմամբ՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»: Թուրքական լրատվամիջոցների հետ հեռախոսազրույցում հայազգի լեզվաբանը նշել էր, որ այլևս բանտում չի գտնվում և չի էլ պատրաստվում վերադառնալ: Նիշանյանի խոսքով՝ Թուրքիայից փախչելը շատ հեշտ է և որոշակի գումարի դիմաց բոլորն էլ կարող են դա անել:
Ավելի վաղ էլ նա «Ֆեյսբուքում» գրել էր․ «80 միլիոն բանտարկվածները երազում են փախչել այդ գժանոցից»,- ակնարկելով Թուրքիան, որի բնակչությունը մոտ 80 միլիոն է: 2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով: Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: