Թուրքական բանտից փախուստի դիմած հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ Հունաստանի ապաստան տրամադրելու գրասենյակը մտավորականին ժամանակավոր կեցության իրավունք է տվել վեց ամիս ժամկետով:
«Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նիշանյանը:
Սևան Նիշանյանը, հիշեցնենք, 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2008-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Նիշանյանի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին ցեղասպանությունների հետևանք է:
Այս տարվա հուլիսի 14-ին թվիթերյան իր էջում արված «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» գրառմամբ հայազգի հայտնի լեզվաբանը հայտնեց թուրքական բանտից փախչելու մասին: