Երևանի նորանշանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր ավագանու նիստում տեղեկացրեց՝ պաշտոնից հեռացված քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարվել է նաև ավագանու անդամի իր մանդատից։
Տարեվերջյան նիստում քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Նա վերջին երեք տարիներին աշխատել է բանկային ոլորտում, եղել է ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը, համակարգել է կառավարություն-USAID համագործակցության ծրագիրը և այլն։
Քաղաքապետի նորանշանակ առաջին տեղակալին հարց ուներ միայն «Իմ քայլը» խմբակցությունը լքած, բայց մանդատը վայր չդրած Իզաբելլա Աբգարյանը։ Ասաց՝ հիշում է, երբ ավագանու իշխող թիմի ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հարաբերությունները հրաշալի էին, Հովհաննիսյանը կրկին հավակնում էր փոխքաղաքապետի պաշտոնին:
«Ուզում էիք պաշտոն գրավել, հավակնում էիք զբաղեցնել քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը, խմբակցությունը պառակտվել էր երկու մասին, խմբակցության ղեկավարը, քարտուղարը դեմ էին Ձեր առաջադրմանը, դեմ էր նաև հենց Հայկ Սարգսյանը, ում պիտի Դուք փոխարինեիք: Բոյկոտ էիք պատրաստում, որպեսզի տապալեիք Ձեր փոխարեն առաջադրված մյուս թեկնածուի ընտրությունը, այդ ժամանակ արդյոք չէի՞ք մտածում, որ Ձեր քայլերով խզում եք քաղաքապետի կապն իր խմբակցության հետ, կառավարության հետ», - ասաց Աբգարյանը:
Քաղաքապետի նորանշանակ առաջին տեղակալն Աբգարյանին ստախոսության մեջ մեղադրեց՝ ակնարկելով, թե նա ինչ-ինչ ակնկալիքներ է ունեցել, նեղացած է և այլն. - «Եթե ստում եք, պետք է ուրեմն ճիշտը պատասխանեմ, նախ, պառակտում չի եղել: Ես այն անձնավորությունը չեմ, որ Ձեր նման ինչ-որ պաշտոնի ակնկալիք ունենա, հետո չստանա ու սկսի ինչ-որ հակառակ բաներ խոսել: Դուք ստում էիք, ևս մեկ անգամ կասեմ, որևէ պառակտում, որևէ խոսակցություն նույնիսկ անձամբ պարոն Մարությանի հետ չեմ ունեցել, Ձեր փաստերը կեղծիք են, Ձեր հայտարարությունները իրականության հետ որևէ կապ չունեն և ես արդեն կասկածում եմ, որ Դուք այդ կեղծիք ոլորտից դուրս եք գալու: Ցավում եմ, որ դուք առաջին շարքից հայտնվեցիք վերջին շարքում և ընդհանրապես մտաք այս դիրքի մեջ»:
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաև նրա մյուս երեք տեղակալներից երկուսը՝ Սերգեյ Հարությունյանն ու Սերգեյ Ներսեսյանը։
Երևանի քաղաքապետի երրորդ տեղակալը՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանը չասաց՝ հեռանալու է, թե՞ ոչ։ Անցած շաբաթ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրը նա իշխող խմբակցության նախաձեռնությունը ոչ ժողովրդավար էր համարել ու ասել, եթե ինքը լիներ ավագանու անդամ, դեմ կքվեարկեր «Իմ քայլը» խմբակցության նախագծին։
Փոխքաղաքապետերից բացի աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաև քաղաքապետարանի երկու վարչությունների ղեկավարները։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ «Ազատության» եթերում չէր բացառել, որ կդադարեցնի աշխատանքը քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հետ: Քաղաքապետարանի հնաբնակ պաշտոնյա Արեյանից չհաջողվեց հարցնել՝ շարունակելու է աշխատանքը, թե՝ ոչ, նա այսօր նիստերի դահլիճի ետնադռնով դուրս եկավ: Սովորաբար այդ դռնով քաղաքապետերն են դուրս գալիս, այսօր հակառակը եղավ։
Հայկ Մարությանի հեռացումից հետո, իշխող «Իմ քայլը» խմբակցությունից արդեն 7 հոգի հրաժարվել է ավագանու մանդատից ևս մեկը՝ դուրս է եկել խմբակցությունից, բայց պահպանել մանդատը։ Եթե նախկինում ավագանու անդամների նիստին չներկայանալը հաճախ բացատրվում էր նրանով, որ Հայկ Մարությանի ու ավագանու անդամների միջև կապը խզվել է, ապա այսօր՝ Մարությանից հետո գումարված առաջին նիստին ավագանու կազմի կեսն էր ներկա։