Մատչելիության հղումներ

Վրաստանը վերստին հայտարարում է, որ չի մասնակցի «3+3» ձևաչափին


Չեխիա - Վրաստանի և Ռուսաստանի բանագնացներ Զուրաբ Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը հանդիպում են Պրահայում, արխիվ
Չեխիա - Վրաստանի և Ռուսաստանի բանագնացներ Զուրաբ Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը հանդիպում են Պրահայում, արխիվ

Վրաստանը վերահաստատել է «3+3» ձևաչափով բանակցություններին չմասնակցելու դիրքորոշումը:

Վրաստանի կառավարությունն այդ մասին հայտնել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ բանագնաց, Եվրոպական միությունում և ՆԱՏՕ-ում Վրաստանի առաքելությունների նախկին ղեկավար Զուրաբ Աբաշիձեի և Վրաստանի հետ հարաբերությունների գծով Ռուսաստանի բանագնաց, Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի երեկվա առցանց հանդիպումից հետո:

Ռուսաստանցի պատվիրակը վրաց պաշտոնակցին ասել է, որ «3+3» ձևաչափը լուրջ հեռանկար է ընձեռում բոլոր մասնակիցների համար, սակայն Աբաշիձեն արձագանքել է, թե Վրաստանը հնարավոր չի համարում մասնակցությունն այդ նախաձեռնությանը:

«3+3» ձևաչափը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն:

Վրաստանը մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ:

Երևանն ի պաշտոնե չի մերժել նախաձեռնությունը, սակայն հստակ նշել է, որ «3+3» ձևաչափով չի քննարկվի Ղարաբաղի խնդիրը, քանի որ դա վերապահվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, և ընդհանրապես այդ ֆորմատը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են ուրիշ հարթակներում:

Գրիգորի Կարասինը և Զուրաբ Աբաշիձեն երեկ քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, ռուսական կողմը հույս է հայտնել, որ վերջերս Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կնպաստեն ներքաղաքական իրավիճակի կայունացմանը, թույլ կտան զսպել հակառուսական դրսևորումները և դրական դեր կկատարեն ռուս-վրացական հարաբերությունների բարելավման գործընթացը վերսկսելու առումով:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռուս-վրացական փոխադարձ առևտի ծավալն ավելացել է 12,6 տոկոսով և հասել է մոտ 982 միլիոն դոլարի:

Կարասինը և Աբաշիձեն քննարկել են «Վերին Լարս-Կազբեգի» միջպետական տրանսպորտային անցակետով բեռների փոխադրման օպտիմալացման և բարելավման հնարավորությունները:

Երկու դիվանագետները պայմանավորվել են սանիտարահամաճարակային բարենպաստ պայմանների դեպքում հաջորդ անգամ առկա ձևաչափով հանդիպել 2022 թվականի գարնանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG