Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի ազգայնական թեկնածու Զեմուրը ժամանում է Հայաստան


Ֆրանսիայում առաջիկա գարնանը կայանալիք նախագահական ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած ծայրահեղ աջ թեկնածու, գրող և մեկնաբան էրիկ Զեմուրը եռօրյա այցով ժամանում է Հայաստան։ Այդ մասին Twitter-ի իր օգտահաշվում նա գրել է նախօրեին։

«Դեկտեմբերի 11-ից 14-ը կլինեմ Հայաստանում՝ Ֆրանսիայի վաղեմի բարեկամ երկրում», - գրել է Զեմուրը։

Ուղևորությունը Հայաստան Զեմուրի առաջին օտարերկրյա այցն է՝ նախագահական քարոզարշավում պաշտոնապես ներգրավվելուց հետո։

Անօրինական ներգաղթի կտրուկ կրճատման և Ֆրանսիայի «ազգային դեմքը» վերականգնելու կարգախոսների ներքո հանդես եկող Զեմուրը նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին պաշտոնապես հայտարարեց նոյեմբերի 30-ին՝ Փարիզի արվարձաններից մեկում կայացած հանրահավաքի ժամանակ։ Վերջին սոցհարցումների համաձայն՝ Զեմուրի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների առնվազն 13 տոկոսը։

Թեև վերջին շաբաթներին նրա վարկանիշը որոշակի անկում է արձանագրել, այնուհանդերձ, ըստ ֆրանսիական աղբյուրների, Զեմուրը դեռ պահպանում է ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու տեսական հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG