Հաջորդ տարի կայանալիք ընտրություններում Ֆրանսիայի նախագահի թեկնածու, լրագրող Էրիկ Զեմուրը այսօր ավարտեց եռօրյա այցը Հայաստան։ Ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող թեկածուն քարոզարշավի մեկնարկին որոշել էր առաջինը հենց Հայաստան գալ, իր խոսքով` աջակցություն հայտնելու առաջին քրիստոնեական երկրին, որն այսօր էլ ոտնձգությունների է ենթարկվում հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
«Երևանից մինչև Նանտեղ, Քարաքոշից մինչև Սեն-Էտիեն դու Ղուվղե Արևելքի ու Արևմուտքի քրիստոնյաները ենթարկվում են լրջագույն վտանգի», - Հայաստան այցելելու հաջորդ օրն իսկ Twitter-ի իր էջում գրել է Զեմուրը՝ քիչ անց լուսանկարներ հրապարակելով Խոր Վիրապ վանական համալիրից և նոր գրառում թողնելով. - «Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ դեմքով Արարատ լեռանը։ Ուզում եմ հայերին ասել, թե ինչպես են նրանք դարեր շարունակ դիմադրության օրինակ եղել»։
«63-ամյա Զեմուրին հայրենիքում հաճախ են համեմատում Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նշելով մահմեդականների, ներգաղթի, Ֆրանսիայի քաղաքական ու բարոյական անկման մասին նրա վիճահարույց հայտարարությունները», - գրում է «Ազատության» եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
Սերելով 1950-ականերին Ալժիրից Ֆրանսիա տեղափոխված հրեաների ընտանիքից, Զեմուրը շարունակաբար պնդել է, որ Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից, առանց ծնողների Ֆրանսիա հասած ներգաղթյալների երեխաները մարդասպաններ, բռնարարներ ու գողեր են, որ մահմեդական բնակչության աճը Ֆրանսիայում ի վերջո հանգեցնելու է քաղաքացիական պատերազմի, որ ֆրանսիացիների երեխաները նախևառաջ պետք է կրեն կաթոլիկ անուններ։
Թեև նման խոսքերի համար ֆրանսիական դատարանը արդեն երկու անգամ մեղավոր է ճանաչել նախագահության ներկայիս թեկնածուին, սակայն դա չի խանգարել, որ Զեմուրի վարկանիշն այսօր ամենաբարձրերից մեկը լինի։ Նախորդ շավաթվա վերջին ֆրանսիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ գրել էին, որ նախագահ Էմանյուել Մակրոնի վարկանիշը 24 տոկոս է, նրա հիմնական մրցակիցը համարվող ծայրահեղ աջ Մարին Լը Պենինը՝ 17 տոկոս, աջերի թեկնածու Վալերի Պեկղեսինը՝ 16 տոկոս, Զեմուրինը՝ 13 տոկոս։ Միաժամանակ, համապետական ընտրություններում Լը Պենի նախորդ ձախողումների ֆոնին, Ֆրանսիայում չեն բացառում, որ այս անգամ հենց Էրիկ Զեմուրը կառաջնորդի ծայրահեղ աջերին ընդդեմ Մակրոնի՝ դառնալով նրա հիմնական մրցակիցը։
Նախագահական նախորդ ընտրությունները Ֆրանսիայում անցել են երկու փուլով, քանի որ առաջին փուլում 50 տոկոսից ավելի ոչ ոք չէր հավաքել։ Այս անգամ էլ եթե գալիք տարվա ապրիլի 10-ին կայանալիք ընտրություններում որևիցե մեկը չհավաքեց ձայների կեսից ավելին, երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Արդյո՞ք այս հանգամանքն է Զեմուրին դրդել այցելել Հայաստան՝ տարբեր գնահատականներով մինչև 750 հազարանոց ֆրանսահայ համայնքի համակրանքն ու ձայները շահելու համար։ Երևանում չհաջողվեց նրան հարցեր ուղղել։ Սակայն հայտնի է, որ Երևան ժամանելուն պես Զեմուրը այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ ծաղկեպսակ դնելով հուշարձանին։ «Հայոց ցեղասպանության հիշատակի վայրում. Մեծ ողբերգությունները երբեք չեն անհետանում», - գրել է նա Twitter-ում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Երևանում հանդիպել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս 21-րդի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ և հյուրընկալվել Ազգային ժողովում՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների կողմից։
Ուշագրավ է, որ այդ հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական երկու՝ արտաքին հարաբերությունների և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների ՔՊ-ական նախագահներ Էդուարդ Աղաջանյանը և Վլադիմիր Վարդանյանը, ով միաժամանակ բարեկամական խմբի ղեկավարն է։
Խորհրդարանում հանդիպմանը մասնակցած իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ, ի շարս այլ հարցերի, քննարկվել է նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցը. - «Մենք գտնում ենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները պետք է հնարավորինս ամրապնդվեն, պետք է Հայաստանին հնարավորինս գործուն և բազմակողմանի աջակցություն ցույց տալ։ Եվ այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները, ստեղծվեն բոլոր քաղաքական այն հնարավորությունները, որոնք թույլ կտան Հայաստանի հետ ավելի սերտ և բազմակողմանի հարաբերություններ հաստատել»։
Ըստ Խաչատրյանի, Ազգային ժողովում կայացած հանդիպմանը Զեմուրը հայտարարել է, որ եկել է Երևան՝ իր աջակցությունը հայտնելու Հայաստանին՝ որպես Ֆրանսիային բարեկամ երկիր։
Պատգամվորի խոսքով, Երևանում սպասում են, որ առաջիկայում Հայաստան կարող են այցելել Ֆրանսիայի նախագահի այլ թեկնածուներ. - «Այդ սպասումները կան, և բավականին հետաքրքիր միտումներ են դրանք։ Երբ Ֆրանսիայի նախագահի թեկնածուները այցելում են Հայաստան, սա արդեն վկայում է այն մասին, որ Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր երկրներից մեկն է հանդիսանում։ Իհարկե ողջունելի է։ Կարծում եմ, որ այո, Ֆրանսիայի քաղաքական մյուս գործիչները ևս կայցելեն Հայաստան»։
Երևանում AFP-ի հետ զրույցում խոսելով Հայաստանին ուղղված Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքների մասին՝ Էրիկ Զեմուրը մեղադրել է Ֆրանսիայի ներկայիս իշխանություններին «շատ խոսելու, բայց, իրականում, Հայաստանին չօգնելու» համար։
Սակայն Զեմուրն ինքը ցայսօր հպարակավ չի հստակեցրել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանի ուղղությամբ՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում։