Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները երեկ պայմանավորվել են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների։
Ավելի վաղ նման հայտարարություններով էին հանդես եկել ՆԱՏՕ-ն ու «Մեծ յոթնյակի» (G7) երկրները։
«Եվրամիության երկրները միաձայն պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - նախարարների հանդիպումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հավելելով․ - «Բոլոր նախարարներն այսօր շատ հստակ հայտարարեցին, որ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի քաղաքական հետևանքների և շատ թանկ կարժենա Ռուսաստանին՝ տնտեսական առումով»։