Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ուկրաինայի հարցով երկխոսության և զինված հակամարտությունից խուսափելու կոչ է արել։
Այսօր դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին՝ Պապը շեշտել է, թե «զենքերը չեն այն ճանապարհը, որ հարկ է ընտրել»։
Ֆրանցիսկոսն ասել է, որ աղոթում է «թանկագին Ուկրաինայի, նրա բոլոր եկեղեցիների ու կրոնական համայնքների և ամբողջ ժողովրդի համար, որպեսզի առկա լարվածությունները լուծվեն լուրջ միջազգային երկխոսության միջոցով, այլ ոչ թե զենքերով»։
«Թող Սուրբ Ծնունդը խաղաղություն բերի Ուկրաինային», - հայտարարել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։
Պաշտոնական Կիևը և Արևմուտքը պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է լայնածավալ ներխուժում Ուկրաինա՝ բազմահազարանոց զորքեր կուտակելով այդ երկրի սահմանների հարևանությամբ։
ՆԱՏՕ-ն, եվրոպական առաջնորդները և Միացյալ Նահանգները քանիցս զգուշացրել են նման հարձակման «լուրջ հետևանքների» մասին։
Հաղորդվում է, որ Մեծ յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարները Լիվերպուլում անցկացվող նիստում այսօր հայտարարություն են նախապատրաստում, որը պաշտոնական Մոսկվային զգուշացնում է Ուկրաինայի դեմ հնարավոր ռազմական գործողության «զանգվածային հետևանքների և ծանր գնի» մասին։
Կրեմլը, մինչդեռ, հայտարարել է, որ պլանավորում է ևս մեկ զրույց Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև, ցանկալի է՝ անձնական մասնակցությամբ գագաթնաժողով, քննարկելու Ուկրաինայի և միջազգային «կարմիր գծերի» հարցերը։
Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլին սկիզբ առած մարտերի հետևանքով մինչ օրս ավելի քան 13 հազար 200 մարդ է զոհվել։