Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ կատարելիք այցի մասին՝ հանդիպելու Պարսից ծոցի պետությունների ղեկավարների հետ։ Նա ընդգծել է, որ սա պատմության մեջ Իսրայելի վարչապետի առաջին այցն է ԱՄԷ։
«Այսօր ես մեկնելու եմ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Իսրայելի վարչապետի՝ պատմության մեջ առաջին այցով», - հայտարարել է Բենեթը այսօր կառավարության նիստի ժամանակ։
Նշվում է, որ սա նաև առաջին բարձրաստիճան այցն է երկու երկրների միջև՝ անցած տարի Միացյալ Նահանգների միջնորդությամբ հարաբերությունների կարգավորումից հետո։
Իսրայելի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Բենեթը ԱՄԷ թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Զայեդի հետ քննարկելու է երկկողմ տնտեսական և ռազմական կապերի հաստատման հարցեր։
Պաշտոնական Աբու Դաբին դեռևս չի հաստատել այցի մասին տեղեկատվությունը։