Բահրեյնն ու Արաբական Միացյալ Էմիրությունները երեկ Վաշինգտոնում պատմական համաձայնագիր ստորագրեցին Իսրայելի հետ` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Համաձայնությունը ձեռք էր բերվել շաբաթներ առաջ` Միացյալ Նահանգների միջնորդությամբ, ստորագրման հանդիսավոր արարողությունն էլ տեղի ունեցավ Սպիտակ տանը` Դոնալդ Թրամփի ներկայությամբ:
«Մենք այստեղ ենք` փոխելու պատմության ընթացքը», - հայտարարեց Միացյալ Նահանգների առաջնորդը, պնդելով` մերձավորարևելյան երեք երկրներն այլևս ընկերներ են և պատրաստ են աշխատել միմյանց հետ:
«Նրանք հակամարտության փոխարեն նախապատվություն են տալիս համագործակցությանը, թշնամության փոխարեն` ընկերությանը, աղքատության փոխարեն՝ բարեկեցությանը: Նրանք ընտրում են ապագա, որտեղ արաբները, հրեաները, մահմեդականները և քրիստոնյաները կարող են միմյանց հետ ապրել, միասին աղոթել ու երազել` կողք-կողք` ներդաշնակության ու խաղաղության մեջ», - ասաց Թրամփը:
Տասնամյակներ շարունակ արաբական աշխարհը դիվանագիտական հարաբերություններ չէր հաստատում Իսրայելի հետ` պնդելով, թե այդ քայլին կգնա միայն Պաղեստինի հետ հակամարտությունը կարգավորելուց հետո: Չգրված այդ համաձայնությունն առաջինը խախտել էր Եգիպտոսը` 1979-ին, հետո` Հորդանանը` 1994-ին: Բահրեյնն ու Էմիրությունները նրանց միացան ավելի քան քառորդ դար հետո` Իրանի հետ դիմակայության պատճառով: Փաստացի, Սպիտակ տան Օվալաձև սենյակում երեկ հավաքված առաջնորդներին ռազմավարական միևնույն շահն էր միավորում` բոլորն էլ համակարծիք են, որ Թեհրանը ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում:
«Այժմ եկել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ժամանակը», - պնդեց Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդուլա բին Զայիդը: - «Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել մի պետություն, որն ընդամենը 48 տարվա պատմություն ունի, բայց լի է հույսով և ուզում է, որ այդ հույսը տարածվի մեր ողջ տարածաշրջանով մեկ: Մերձավոր Արևելքը չափից շատ է տառապանք տեսել, և հիմա մենք ուզում ենք մեր ժողովրդին, հարևաններին ու աշխարհին ցույց տալ, որ կա նաև դրական առաջընթաց»:
Համաձայնություն կնքելով Իսրայելի հետ, Էմիրություններն ու Բահրեյնը, միաժամանակ, պնդում են` չեն դավաճանել ու չեն մոռացել նրա հետ հակամարտող Պաղեստինի մասին: Հակառակը՝ պահանջել են, որ համաձայնագրի դիմաց Իսրայելը հրաժարվի Հորդանանի Արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրերից, որը մտադիր էր կյանքի կոչել արդեն այս տարի:
«Կոչ ենք անում Պաղեստինի առաջնորդներին օգտվել այս հնարավորությունից և պատրաստվել առարկայական բանակցությունների», - հայտարարում էր Բահրեյնի արտգործնախարար Աբդուլատիֆ ալ Զայանին: - «Այսօրվա համաձայնագիրը կարևոր քայլ է, բայց` առաջինը, հիմա մեր պարտավորությունն է առանց հապաղելու, եռանդուն աշխատել` հանուն տևական խաղաղության ու անվտանգության: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդար, համապարփակ` երկու պետության ճանապարհով լուծումը կդառնա այդ խաղաղության հիմքն ու հենասյունը»:
Պաղեստինում, մինչդեռ, արաբ եղբայրների այս հայտարարություններին չեն հավատում, նրանց քայլը դավաճանություն են որակում: Երեկ, ճիշտ այն ժամանակ, երբ երեք երկրները Վաշինգտոնում մերձեցման համաձայնագիր էին ստորագրում, Գազայի հատվածից զինյալները կրակ են բացել Իսրայելի ուղղությամբ: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, առնվազն երկու իսրայելցի վիրավորվել է, մի քանի շինություն` փլուզվել:
Ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասն, իր հերթին, «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում պնդել է` «տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն ու կայունություն չի հաստատվի, քանի դեռ Իսրայելը դուրս չի բերել իր զորքերը գրավյալ տարածքներից»:
Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի քայլը կոշտ քննադատել են նաև Իրանն ու Թուրքիան: «Թե՛ պատմությունը և թե՛ տարածաշրջանի ժողովուրդները չեն մոռանա և երբեք չեն ների Արաբական Միացյալ Էմիրությունների կեղծավոր պահվածքը», - շաբաթներ առաջ դեռ հայտարարել էր պաշտոնական Անկարան` չբացառելով իր դեսպանների ետկանչն այդ երկրներից` երեկ ստորագրված համաձայնագրերին ի պատասխան:
Ի դեպ, պատմական այդ փաստաթղթերի մանրամասներն ու դրույթները դեռ չեն հրապարակվել: Այդուամենայնիվ, ակնկալվում է, որ առաջիկայում դրանց հիման վրա երեք երկրները դեսպանատներ կբացեն միմյանց տարածքներում և կսկսեն առևտրային կապեր հաստատել:
Փորձագետները, միաժամանակ, փաստում են, որ այս համաձայնությունը նախագահ Թրամփի վարչակազմի թերևս ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումն է, որի նշանակությունը է՛լ ավելի է կարևորվում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: