Մատչելիության հղումներ

Պոլիկլինիկայի տնօրենը պնդում է, թե իրեն պաշտոնից ազատել են մարզպետին զայրացրած ֆեյսբուքյան գրառմանը հավանություն տալու համար


Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայան
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայան

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից երեկ ազատված Սյուզաննա Բալայանը համոզված է՝ Լոռու մարզպետարանում իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը կայացվել է զուտ քաղաքական դրդապատճառներով։

Հիմնավորում է՝ մարզպետի պաշտոնակատարն ու առողջապահության վարչության պետը դեռ մի քանի օր առաջ իրեն կանչել են ու բացատրություն պահանջել՝ ինչո՞ւ է իր ենթական ֆեյսբուքում հավանություն տվել մի գրառման, որը, ըստ նրանց, վարկաբեկում է արձակուրդի մեջ գտնվող Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին։ Վերջինս իշխանության թեկնածուն է՝ տասն օրից կայանալիք Վանաձորի համայնքապետի ընտրություններում։

Պոլիկլինիկայի արդեն նախկին տնօրենը, որ աշխատել է մարզպետարանի ենթակայության տակ, պնդում է՝ աշխատանքից զրկվել է մարզպետին դուր չեկած գրառման համար. - «Բժշկուհին բացատրեց, մենք նույնիսկ ասեցինք՝ եթե պարոն մարզպետին անձամբ վիրավորել ենք, մենք պատրաստ ենք ներողություն խնդրենք իրենից։ Մեզ ասեցին՝ լավ, կմտածենք։ Մի քանի րոպեից մոտեցան, ասեցին՝ լավ, մտածեցինք, բժշկուհուն նկատողություն եք տալիս, բայց դուք հեռանում եք աշխատանքից։ Ասում եմ՝ ինչի՞ եմ հեռանում աշխատանքից... Ոչ մի բացատրություն չտրվեց, հեռանում ես, ու վերջ։ Ես որոշեցի չհեռանալ»։

Պատմությունը սկսվել էր մեկ շաբաթ առաջ, երբ վանաձորցի Հակոբ Միկոյանը սոցալական հարթակում հրապարակել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ պատառոտված ու գետնին գցված քարոզչական պաստառը։ Օգտատերը լուսանկարի տակ գրել էր, թե «աղբ թափելն ամոթ է» ու նաև քաղաքական ռեպլիկ արել, թե «այս քաղաքական թիմի հետ ապագա չկա»։

Ֆեսբուքյան այդ գրառումը հավանել էր պոլիկլինկայի բժիշկ՝ Մարինա Սերոբյանը, ով ևս պնդեց՝ դրա համար մարզպետարանում իրենից ու իր տնօրենից բացատրություն են պահանջել։ Տարակուսած է՝ ինչո՞ւ է իր դրած լայքը վիրավորել մարզպետին ու նրա թիմին ու դարձել քննարկման առարկա, կամ՝ ինչո՞ւ պետք է սոցիալական ցանցում արտահայտած կարծիքը ճակատագրական լիներ տնօրենի համար. - «Ինձ ասեցին, որ ինչու եք նման բան արել, դրանով դուք ձեր ղեկավարությանն եք վիրավորում, ձեր տնօրենին եք վիրավորում»։

Վանաձորի քաղաքապետի թեկնածու, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մինչդեռ, բացառում է պոլիկլինիկայի տնօրենին աշխատանքից ազատելու քաղաքական պատճառները։ Հավաստիացնում է, թե անգամ տեղյակ չէ ինչ գրառման մասին է խոսքը։ Ասում է՝ ուղղակի բամաթիվ բողոքներ են ստացել բուժհաստատության վատ սպասարկման մասին, որտեղ, իր խոսքով, «բարդակ է տիրում». - «Այնտեղ ովքեր որ ինչ-որ խժդժություններ են փորձում կազմակերպել, ես շատ լավ գիտեմ ինչի համար են անում։ Որովհետև իրենց մի քանի հոգուն ձեռք ա տալիս այդ տնօրենը, որպեսզի այդտեղ բարդակ լինի, կներեք բառիս համար, որ իրենք ինչ ուզեն անեն։ Բայց իրանց մոտ չի ստացվելու»։

Սպասարկման և պատվաստվողների հերթերի հետ կապված դժգոհություններ կան Վանաձորի բոլոր պոլիկլինիկաների մասին։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան Արամ Խաչատրյանն ասաց՝ բազմիցս զգուշացրել են Սյուզաննա Բալայանին՝ շտկելու թերացումները, բայց տեղից չի շարժվել։ Մեղադրում է՝ իբր տնօրենը պատվաստման գնացած քաղաքացիներին ասել է, թե պատվաստանյութ չունեն։

Աշխատանքից ազատված տնօրենը, սակայն, հերքում է. Ասում է՝ իսկապես եղել են դեպքեր, երբ պատվաստանյութ չեն ունեցել, սակայն այդ մասին տեղյակ են եղել նաև մարզպետարանում. - «Ո՞նց եք պատկերացնում, իմ օգուտը որն ա, եթե պատվաստանյութ կա, ես մարդկանց չպատվաստեմ։ Առաջինը ես եմ շահագրգռված, որ մարդիկ պատվաստվեն, և ես ինքս, եթե ձայնագրությունները պահպանվում ա, հեռախոսազրույցները ինձ թվում ա խնդիր չի վերծանել, անձամբ ես, երբ որ պատվաստանյութը չի եղել, դիմել եմ և' մարզպետարան, և' ՀՎԿԱԿ էդ հարցերով»։

Այսօր առավոտյան պոլիկլինիկայի աշխատակիցներն ի պաշտպանություն իրենց աշխատանքից ազատված տնօրենի, գործադուլ էին սկսել՝ հարուցելով պոլիկլինիկա եկած քաղաքացիների դժգոհությունը։

Սյուզաննա Բալայանն ասում է՝ դատի կտա՝ բողոքարկելու իրեն պաշտոնից ազատելու մասին մարզի ղեկավարի որոշումը։ Իսկ ֆեյսբուքյան գրառման հեղինակ Հակոբ Միկոյանը մտադիր է դիմել ոստիկանություն՝ իր գրառման տակ Լոռու մարզպետի ենթականերից սպառնալիքներ ստանալու մասին բողոքով։

XS
SM
MD
LG