Մինչ աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի տարածմանն ու հետևանքներին, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ երկրում այդ համավարակի հետ կապված իրադրությունը որոշակիորեն մեղմացել է, անգամ՝ որոշ բժշկական կենտրոններ վերադարձել են իրենց պրոֆիլային նպատակներին. կորոնավիրուսի դեմ պայքարում նրանց կարողություններն արդեն պետք չեն։
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց հենց այս թեմայով. «Նոր տիպի կորոնավիրուսի իրադրության հետ կապված ունենք որոշակի իրադրության մեղմացում, բայց մյուս կողմից` սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ գիտեք, որ նոր շտամ է հայտնաբերվել` «օմիկրոն» անվանված, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, այդ շտամով վարակված որևէ քաղաքացի»:
Ուստի, ըստ Փաշինյանի` թեև Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության թվերը նվազել են, սակայն չպետք է թուլացնել զգոնությունը։
Կորոնավիրուսի ավելի արագ տարածվող նոր՝ «օմիկրոն» շտամն արդեն իսկ հայտնաբերվել է մոտ երկու տասնյակ երկրներում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն, օրինակ, ժամեր առաջ հայտարարել է, որ Եվրոպական միությունը պետք է քննարկի պատվաստումը պարտադիր դարձնելու տարբերակը։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետին շարունակեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, թե «օմիկրոն» շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու՝ որքան ծանր են մարդիկ տանում այն, և առկա պատվաստանյութերը որքանով են արդյունավետ «օմիկրոնի» դեմ։
Նախարարի խոսքով` մեկ-երկու շաբաթ անց հնարավոր կլինի որոշակի տեղեկություններ հայտնել նոր շտամի վերաբերյալ. «Բայց մի բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության առումով տվյալ շտամով, միևնույն է` հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և, կարելի է ասել, միակ միջոցը հիվանդության դեմ պայքարելու, և այս առումով նաև «դելտա» շտամը երբ ի հայտ եկավ, նույն մտահոգությունները կային, բայց փորձը, արդեն իսկ հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ որոշակի նվազման դեպքում արդյունավետության միևնույն է` դրանք փրկում են մարդկանց կյանքը»:
Վարչապետ. Այժմ հաջողվում է օրական 20 հազարից ավելի պատվաստում իրականացնել
Վարչապետը թվեր հրապարակեց՝ այժմ հաջողվում է օրական 20 հազարից ավելի պատվաստում իրականացնել կորոնավիուսի դեմ, երկու պատվաստում ստացած Հայաստանի քաղաքացիների թիվն արդեն մոտենում է կես միլիոնի։
«Արդեն իսկ տոկոսային առումով առաջին դեղաչափը ստացել է մեր բնակչության` 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը, և երկրորդ դեղաչափն ստացել է` ամբողջական պատվաստում ունի արդեն 23.9 տոկոսը», - տեղեկացրեց նախարար Ավանեսյանը:
Առողջապահության նախարարության առավոտյան հրապարակած տվյալների համաձայն` անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 558-ով, և այժմ Հայաստանում կորոնավիրուսից բուժվում է 12 հազար մարդ։ Գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք։
Մեծ հավանականությամբ առկա պատվաստանյութերն արդյունավետ կլինեն նաև «օմիկրոնի» դեմ. մասնագետ
Հանրային առողջության մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «օմիկրոն» շտամի հետ կապված դեռ հայտնի չէ նաև, թե որքան դյուրին է այն մարդուց փոխանցվում մարդուն և հաղթահարում բնական կամ պատվաստման արդյունքում ձևավորված իմունիտետը։
«Արդեն գիտենք, որ այս վիրուսը ավելի շատ մոտ 30 մուտացիա ունի համեմատած «դելտա» տեսակի հետ: Դա նշանակում է, որ ենթադրաբար կարող է որոշ հարցերի հետ կապված, որ նշեցի, ավելի անբարենպաստ զարգացում ունենալ», - ասաց փորձագետը:
Միևնույն ժամանակ, Մելիք-Նուբարյանը կարծիք հայտնեց, որ մեծ հավանականությամբ առկա պատվաստանյութերն արդյունավետ կլինեն նաև «օմիկրոնի» դեմ, քանի որ վերջին հաշվով գործ ունենք նույն հիվանդության հետ։ Մյուս կողմից` արդեն իսկ առկա են բազմաթիվ պատվաստանյութեր՝ հիմք, և այն «օմիկրոնի» համար մոդիֆիկացնելը ավելի քիչ ժամանակ կպահանջի, քան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումն էր։