Աշխարհով մեկ «թևածող» կորոնավիրուսի նոր շտամը կրկին ստիպում է փակել սահմանները։ «Օմիկրոնի» հայտնաբերման մասին են ահազանգել արդեն տասնյակ երկրներ, այդ թվում՝ Եվրամիության անդամ մի շարք պետություններ, Կանադան, Ճապոնիան, Չինաստանը, Իսրայելը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան։ Հաստատված դեպքերի մեծամասնությունը ներթափանցել է աֆրիկյան երկրներ ճամփորդած անձանց միջոցով։
Տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։
Առայժմ «օմիկրոնի» հետևանքով մահացության մասին տվյալներ չկան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ նոյեմբերի կեսին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակը` «օմիկրոնը» նախորդներից ավելի արագ է տարածվում ու մուտացիաների ենթարկվում։ ՄԱԿ-ին կից առողջապահական կառույցի զեկույցի համաձայն՝ վարակի տարածումը կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ լուրջ հետևանքներով, հատկապես պատվաստումների ցածր մակարդակ ունեցող երկրներում։ Կազմակերպությունը շատ բարձր է գնահատել նոր շտամի վտանգավորության աստիճանը, միաժամանակ արձանագրել, որ գիտնականներն առայժմ շատ քիչ բան գիտեն դրա տարածման ու փոխակերպումների վերաբերյալ։
«Օմիկրոնը» հայտնաբերվել է, երբ հարավաֆրիկացի գիտնականները սկսել են ուսումնասիրել COVID-19-ի տարածման ալիքը։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում նոր վարակակիրների թիվն այդ երկրում աճել է 13 անգամ՝ 275-ից հասնելով օրական 3 հազար 700-ի։ Reuters-ը, վկայակոչելով հարավաֆրիկացի բժիշկներին, հաղորդում է, որ «օմիկրոնով» վարակված հիվանդները հիմնականում բողոքում են հոգնածությունից, գլխացավից, մկանների ցավից։ Համի և հոտառության բացակայություն, սակայն, «օմիկրոնը» չի հարուցում, և որ ամենակարևորն է՝ նոր շտամով վարակված հիվանդներից և ոչ մեկի մոտ արյան մեջ թթվածնի մակարդակի կտրուկ անկում չի արձանագրվել, ինչը թույլ է տալիս մասնագետներին ենթադրել, որ հոսպիտալացման խիստ անհրաժեշտություն չի լինի։ Լրատվամիջոցը նշում է, որ Հարավային Աֆրիկայում «օմիկրոնով» վարակված հիվանդների միջին տարիքը 40 է, նրանց մեծ մասը կա՛մ պատվաստված չեն, կա՛մ հասցրել են ստանալ պատվաստանյութի մեկ դեղաչափ։
Առայժմ շատ վաղ է խոսել՝ կհանգեցնի արդյոք «օմիկրոնը» ծանր հիվանդացության, սակայն Հարավային Աֆրիայի նախնական տվյալները վկայում են, որ այն արտասովոր ախտանշաններ չի հարուցում, հայտարարել է ԱՄՆ-ի Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին։ «Շատ դժվար է պարզել՝ արդյոք այդ տարբերակը կհանգեցնի լուրջ հիվանդացության։ Չնայած Հարավային Աֆրիկայից ստացված որոշ նախնական տվյալներից դատելով՝ որևէ արտասովոր սիմպտոմ չկա։ Մենք չգիտենք, և դեռևս շատ վաղ է այդ մասին խոսել», - ասել է Ֆաուչին՝ շեշտելով, որ պաշտպանվելու միակ միջոցը մնում է պատվաստվելը․ - «Եթե դեռ չեք պատվաստվել, ուրեմն պատվաստվեք։ Եթե պատվաստված եք, ապա վերապատվաստվեք»։