Տնտեսվարողներին մտահոգել է Առողջապահության նախարարության մշակած նոր նախագիծ, որով հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
«Գործընկերային հարաբերություններ են, սովորաբար պիտի քննարկվի մեզ հետ, արդյո՞ք մենք պատրաստ ենք և կարող ենք գտնել այդ ռեսուրսները՝ նման ֆունկցիա մեզ վրա վերցնելու։ Ու նաև վերահսկողության միջոցները, ոնց պիտի դա արվի։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք գիտելիքներով։ Ամեն ընկերություն, որտեղ թեստ եք հանձնում, տարբեր տիպի փաստաթղթեր են ներկայացնում, արդյո՞ք մենք ունենք այդքան մարդ, որ հատուկ դրանով զբաղվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնում մի քանի ռեստորանների հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, իրենց հետ նոր նախագծի շուրջ քննարկում չի եղել, մեկ ամսից որոշումն ուժի մեջ կմտնի, իսկ այս ընթացքում մի շարք բաց հարցեր կան, դեռ հստակ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է տնտեսվարողն իրականացնի այս գործընթացը, որն է իր և որն է պետության դերն ու պարտականությունը. - «Ենթադրենք մեզ ոչ ճիշտ, կամ նկարած կամ քսերոքս արած հավաստագիր է ներկայացվում։ Որտե՞ղ է մեր պատասխանատվությունը, որտեղի՞ց է սկսվում հաճախորդի պատասխանատվությունը։ Իսկ ի՞նչ, եթե մարդը պարզապես հրաժարվում է ցույց տալ... կամ ո՞վ է դա վերահսկելու հետո։ Ենթադրենք մեր աշխատակիցը տեսավ փաստաթուղթ, ներս թողեց, դրանից հետո ո՞վ է վերահսկելու։ Ասենք երեք-չորս հարյուր հոգանոց հարսանիքում ո՞վ է դա ստուգելու»։
Տնտեսվարողներն ընդգծում են նաև, որ քովիդի հետևանքով տուժած հանրային սննդի ոլորտը դեռ չի վերականգնվել, այժմ էլ հավելյալ ռեսուրս ներգրավելու պահանջն արդարացի չեն համարում։
Առողջապահության նախարարը նախագիծը հիմնավորելիս այսօր խորհրդարանում նշել է, որ փորձում են զսպման այս մեխանիզմներով փրկել քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Ավանեսյանի կարծիքով, Հայաստանում այնքան քաղաքացիներ են պատվաստվել, որ հանրային սննդի վայրերը լուրջ տնտեսական վնաս չեն կրի։
Հայաստանում, սակայն, ամբողջական պատվաստում ստացել է բնակչության ընդամենը 15 տոկոսը։ Իսկ, օրինակ, եվրոպական մի շարք երկրներ, որտեղ հանրային վայրերի մուտքը QR կոդով է, աչքի են ընկնում պատվաստման բարձր ցուցանիշով, օրինակ՝ Իտալիայում 73 տոկոս, Ֆրանսիայում 69 տոկոս։
«Ես կարծում եմ, կա քննարկումների, վերլուծելու պահանջ։ Պետք է հաշվի առնեն բոլոր հանգամանքները և հիմնականում հետևանքները», - ասաց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։
Այս նախագիծը չի քննարկվել նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ռուբեն Բաբայանը լավատես չէ, նրա կարծիքով, այս նոր խստացումը կարող է հանգեցնել թե՛ ֆինանսական ճգնաժամի և թե՛ կադրային արտահոսքի. - «Տիկնիկային թատրոն այցելում է տարեկան լավագույն դեպքում մոտ 60 հազար հանդիսատես։ Ընդ որում, մի քանիսը՝ մի քանի անգամ։ Հասկանում ենք, որ բնակչության հիմնական հավաքվելու տեղը և վարակվելու տեղը թատրոնները չեն։ Եթե յուրաքանչյուր հանդիսական լավագույն դեպքում այցելում է թատրոն է 2-3 անգամ տարեկան, ապա հանրային տրասնպորտ մարդիկ օրական 2 անգամ են նստում առնազն»։
Թատրոններում ևս դեռ չգիտեն, թե ինչպես են կազմակերպելու գործընթացը։ Բաբայանն ընդգծում է՝ հապճեպ որոշում է, հատկապես հիմա, երբ թատրոնների համար ծանրաբեռնված շրջան է. մինչև հունվարի 15-ը ամանորյա ներկայացումներ են բեմադրվում, մեծաթիվ խմբերից հայտեր են ստացել՝ մասնակցելու, բազմաթիվ տոմսեր են արդեն վաճառվել, ի՞նչ պետք է արվի դրանց հետ. - «Արդյո՞ք լինելու են ինչ-որ սարքեր, թե՞ պարզապես նայելու ենք QR կոդին։ Ինչպե՞ս ենք վարվելու, եթե ծնողներից մեկը ունի թեստավորում կամ պատվաստում, մյուսը չունի։ Թեև երեխաների վրա դա չի տարածվում, բայց ինչպե՞ս ենք անելու, որ երեխան առանց ծնողի մտնի»...
Արդյո՞ք այս նոր նախագիծը վերաբերելու է նաև բացօթյա հանրային սննդի վայրերին կամ մոլերին, դեռևս չի հստակեցվում։ Իսկ ընդամենը մեկ ամիսից կիրառվելիք նոր խստացումը տեխնիկական առումով ինչպես է կազմակերպվելու, ով է իրականացնելու QR կոդերի կամ թեսtերի ստուգումը մուտքի մոտ, իշխանությունները դեռ չեն հստակեցնում.
«Նախագիծը տեխնիկական հատվածներով քննարկման փուլում է, պիտի տեսնենք, թե ինչ տեխնիկական ձևերով են լինելու», - այսօր ասաց Առողջապահության նախարարը։