Մատչելիության հղումներ

Ռուսաստանում «օմիկրոն» շտամը դեռ չի հայտնաբերվել․ «Ռոսպոտրեբնադզոր»


Ռուսաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը չի հայտնաբերվել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի` սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայության Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Քամիլ Հաֆիզովը։

«Կիրակի օրվա դրությամբ Ռուսաստանում «օմիկրոն» շտամը չի հայտնաբերվել։ Միաժամանակ, ակտիվ աշխատանք է տարվում կորոնավիրուսի գենոմների սեկվենացման ուղղությամբ, այդ թվում՝ վերջին շրջանում արտերկիր այցելած պացիենտների մոտ», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Հաֆիզովը։

Ավելի վաղ սենատոր, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին РИА "Новости" լրատվական գործակալությանն ասել էր, թե «օմիկրոնն» արդեն հայտնվել է երկրում, և դրա աղբյուրը կարող են լինել Եգիպտոսից վերադարձած ռուսաստանցի զբոսաշրջիկները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ահազանգել է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող։ ԱՀԿ-ի տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել: ԱՀԿ-ը նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, հետևաբար կարող է վարակել ավելի շատ մարդկանց՝ ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից:

XS
SM
MD
LG