Այսօր Սոչիում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները։
Այս տարվա ընթացքում սա Փաշինյանի և Ալիևի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը կլինի, առաջինը հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում, կրկին Պուտինի մասնակցությամբ։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար։
Վարչապետ Փաշինյանը օրեր առաջ անդրադառնալով այն տեղեկություններին, թե Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները նոր փաստաթուղթ են ստորագրելու, հայտարարել էր՝ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման աշխատանքներ սկսող հանձնաժողովի ձևավորման մասին է լինելու։ «Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանը անցնելու է այստեղով, այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ աշխատանքը, կամ այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հրման վրա», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Այդուհանդերձ, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել՝ լինելո՞ւ է արդյոք դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը Սոչիի հանդիպման օրակարգում։
Այսօր կայանալիք հանդիպմանն ընդառաջ Փաշինյանի ու Ալիևի հետ Երևանում ու Բաքվում հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանում տրանսպորտային կապերի և ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
Իսկ այսօրվա հանդիպմանը նախորդել էին սահմանի արևելյան հատվածում պատերազմից ի վեր ամենարյունալի բախումները, որոնք դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։
Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ, և դրանք հայկական կողմի համար ընդունելի էր համարել, այլ մանրամասներ, սակայն, չէր հայտնել։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը հավանական է համարում, որ կողմերը Սոչիում հայտարարեն հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին։
«Բոլորս ենք հասկանում, որ ինքը այդ գործընթացը կարող է տևել ընդհուպ մինչև տասնյակ տարիներ, բայց նաև չեմ բացառում, որ բացի գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունից՝ տեքտում ֆիքսվեն նաև որոշակի սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է հետագա տարիների կամ տասնյակ տարիների ընթացքում այդ գործընթացը իրականացվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ կողմերը կանդրադառնան նաև ճանապարհների ապաշրջափակմանը, հնարավոր է՝ կոնկրետ երթուղիներ ներկայացվեն․ - «Այսինքն՝ թե առաջին հերթին որ ճանապարհներն են բացվելու՝ ավտոմոբիլայի՞ն, երկաթուղայի՞ն, կամ գուցե նաև ժամանակացո՞ւյց»։
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Սոչիից հետո էլ դեկտեմբերին Բրյուսելում կհանդիպեն։ Այս հանդիպումն էլ անցկացվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում և Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ։