Մատչելիության հղումներ

Բելառուսից ևս շուրջ 600 միգրանտ է վերադարձել Իրաք


Բելառուս - Միգրանտների բողոքի ակցիան Լեհաստանի հետ սահմանին մերձակա տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնում 25-ը նոյեմբերի, 2021թ․
Բելառուս - Միգրանտների բողոքի ակցիան Լեհաստանի հետ սահմանին մերձակա տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնում 25-ը նոյեմբերի, 2021թ․

Iraqi Airways ավիաընկերության երկրորդ ինքնաթիռն այսօր Մինսկի օդանավակայանից մեկնել է Էրբիլ՝ տեղափոխելով իրաքցի միգրանտների:

Իրաքը երեկ հայտնել էր, որ Iraqi Airways-ը Մինսկից երկու չվերթով տուն կհասցնի ավելի քան 600 իրաքցի միգրանտների։ Առաջին չվերթը Բելառուսի մայրաքաղաքից Էրբիլ կատարվել էր ուշ երեկոյան։

Ռուսաստանում և Բելառուսում Իրաքի հյուպատոս Մաջիդ Ալ-Քինանին հայտնել է, որ նախատեսվում են տարհանման ևս մի քանի թռիչքներ։ Նրա խոսքով՝ ավելի քան հազար միգրանտներ ցանկություն են հայտնել Բելառուսից վերադառնալ Իրաք։

Նոյեմբերի 18-ին Իրաքից ավելի քան 400 միգրանտներ Iraqi Airways-ի օդանավով Մինսկից ժամանել են Բաղդադ՝ Էրբիլում միջանկյալ վայրէջքով։ Նոյեմբերի 22-ին ևս 118 միգրանտ լքել է Բելառուսը անհատական նախաձեռնությամբ։

Իրավիճակը Բելառուսի և Եվրամիության երկրների սահմաններին սրվել է նոյեմբերի 8-ից, հազարավոր գաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, խմբվել են այստեղ և փորձում են ապօրինաբար ԵՄ տարածք մտնել։ Արևմուտքը պնդում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է միգրանտներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան։ Բելառուսի նախագահը հերքում է մեղադրանքները։
XS
SM
MD
LG