Մատչելիության հղումներ

Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ. Սիրիայի դեսպանը՝ Սաղաթելյանին


Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ, այսօր ասել է Հայաստանում Սիրիայի դեսպանը։

Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ այսօր հանդիպել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը՝ խորհրդարանի փոխխոսնակը կարևորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Սիրիայի համագործակցությունը, ասված է ԱԺ լրատվականի պաշտոնական հաղորդագրությունում:

Դեսպանը մերժելի է համարել Թուրքիայի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում:

2021-ի մայիսին Հայաստանը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում մասնավորապես «սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով» կոնվենցիոն խախտումներ թույլ տալու վերաբերյալ։
Պատերազմի օրերին ձերբակալված Սիրիայի քաղաքացիները, որ մեղադրվում էին նաև վարձկանության հոդվածներով, Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Երևանը նաև տվյալներ ունի մի շարք այլ վարձկանների մասնակցության մասին, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել։

XS
SM
MD
LG