Միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով Հայասատում մեղադրող Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ սիրիացի վարձկաններն անարգել Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել են առանց որևէ փաստաթղթի։ Իսկ մինչ նրանց տեղափոխումը՝ հունիսից մինչև սեպտեմբեր Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների են մասնակցել։
«Ավելի քան 12 ահաբեկչական խմբավորումներ՝ շուրջ 4 հազարից ավել վարձկան ահաբեկիչներ, տեղափոխվել են Սիրիայից Ադրբեջան և այս տեղափոխումը քննությամբ պարզված փաստական տվյալներով՝ իրականացվել է Թուրքիայի տարածքով, Թուրքիայի զինված ուժերի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների և՛ հովանու ներքո, և՛ աջակցությամբ, և՛ գիտությամբ։ Վարձկան ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից Ադրբեջան Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու, ռազմական գործեղություններին մասնակցելու նպատակով դա նույնպես քննությամբ հիմնավորվել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել է 2 հազար ԱՄՆ դոլար։ Հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։
Սիրիայից Ադրբեջան պարբերաբար վարձկանների խմբերի տեղափոխություն է եղել, ասում է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետը։
«Դեռևս մինչև ռազմական գործողությունների սկսելը և ռազմական գործողությունների ագրեսիայի ակտի սկսելուց հետո, նշված ահաբեկչական խմբավորման անդամները՝ վարձկանները, Ադրբեջանի զինված ուժերի, Թուրքիայի զինված ուժերի, ռազմաքաղաքական ղեկավարության և Զինված ուժերի զինծառայողների գիտությամբ նրանց հետ համակարգված կերպով մասնակցել են ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմում», - ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած ևս 31 Սիրիայի զինյալներ ներգրավված են որպես մեղադրայլ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և նրանց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։
Պատերազմում սիրիացի զինյալների մասնակցության մասին խոսում է ոչ միայն հայկական կողմը, հարցին ռազմական գործողությունների ընթացքում անդարադարձել էին մի շարք պետությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ էին գրում այդ մասին, հետաքննություններ հրապարակում։ Վերջերս էլ հետաքննող լրագրողները պարզել էին, որ սիրիացի վարձկանները Ղարաբաղ մեկնելու դիմաց խոստացված գումարներն այդպես էլ չեն ստացել։