Մատչելիության հղումներ

Ֆիզգորոդոկում կառուցապատման դեմ պայքարող ակտիվիստն աբսուրդ է որակում իրենց դեմ քրեական գործի հարուցումը


«Ազատագրենք Գորոդոկը»․ թիթեղյա ցանկապատին արված այս գրությունը բավարար է եղել, որ օրերս ոստիկանները գործողություն իրականացնեն շինարարության դեմ պայքարող ակտիվիստի տանը։ Եկել էին ներկի տարայի հետևից, որն այդպես էլ չի հայտնաբերվել։

Խուզարկության թույլտվությունը տրվել էր դատարանով, որոշում, որ Ֆիզիկայի գիտավանի բնակիչ, այնտեղ բարձրահարկ շենք կառուցելու դեմ ակցիաների ամենաակտիվ մասնակիցներից Սեդա Գրիգորյանն անհեթեթ է որակում։

Նրա պնդմամբ, դրանով իրավապահները փորձում էին իր վրա ճնշում գործադրել. - «Կատարյալ աբսուրդ է նման ժամանակավոր թիթեղի վրա որևէ գրության անելու հետ կապված, ով էլ արած լինի, հարուցել քրեական գործ, էդ քրեական գործի շրջանակներում գալ խուզարկության»։

Շինհրապարակը մեկուսացնող թիթեղին գրառումներ անելու համար քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու հոդվածով, հայտնում են Քննչական կոմիտեից։ Իրավապահները պնդում են, թե Սեդա Գրիգորյանի բնակարանում իրականացված ոստիկանական գործողությունն անխուսափելի էր գործի հանհգամանքները պարզելու համար։

Ֆիզգորոդոկում բարձրահարկ շենք կառուցելու դեմ ցույցերը սկսվել են ավելի քան 2 ամիս առաջ։ Բնակիչները պնդում են, որ հողատարածքը դեռ 2000-ականներին ապօրինի է օտարվել և մի քանի անգամ վերավաճառվել է։ Ամռանն այստեղ բարձրահարկ կառուցելու թույլտվություն ստացած կառուցապատողը հակադարձում է, թե գնելիս ուսումնասիրել են փաստաթղթերը և որևէ ապօրինություն չեն նկատել։

Վիճահարույց հարցերը պարզելու համար քրեական գործ է հարուցվել։ Նաև որոշվել էր ժամանակավորապես կասեցնել շինարարությունը, քանի դեռ քննություն է ընթանում։ Բայց այսօր, շուրջ մեկամսյա դադարից հետո, շինհրապարակում կրկին սկսել էր տեխնիկա աշխատել՝ հարուցելով բնակիչների դժգոհությունը։ Ոմանք կրկին փողոց էին դուրս եկել՝ փորձելով արգելել տեխնիկայի տեղաշարժը։

«Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեից պարզաբանեցին, որ թույլատրել են միայն պատերից մեկն ամրացնել, քանի որ փլուզվում էր։ Չհստակեցրին, թե երբ կավարտվի քննությունն ու կտրվեն հարցերի պատասխանները։

Սեդա Գրիգորյանը, սեփական փորձից ելնելով, պնդում է՝ իրավապահները քաղաքացու իրավունքները պաշտպանելու փոխարեն, իրենց ռեսուրսը ներդնում են թիթեղին գրառումներ արած մարդուն գտնելու համար. - «Երեք ամիս է արդեն ֆիզիկապես փողոցում ենք, խոսում են, ուշադրություն ենք հրավիրում, երեք տարի է իրավական ճանապարհով ենք պայքարում, ամբողջ պետական համակարգը լծված է ուղղակի ամեն ինչ անելու, որ էս կառուցապատումը տեղի ունենա՝ ի հեճուկս ողջ համայնքի պահանջի, ի հեճուկս էն բոլոր խոստումների, որ մեր սիրելի ժողովրդավար կառավարությունը և քաղաքապետարանը տալիս էր 2018 թվականից ի վեր»։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ով տարիներ շարունակ հետևել ու հետևում է բողոքի ակցիաներին, ասում է՝ առաջին անգամը չէ, որ իրավապահները խուզարկություններ կամ՝ոտսիկանական գործոցություններ են իրականացնում ակտիվիստներին լռեցնելու համար. - «Միակ նպատակը իրականում հենց վախեցնելն է հասարակությանը, հանրությանը, և հատկապես քաղհասարակությանը, բերանները փակելն է։ Հեղափոխությունից անմիջապես հետո, երբ ես խոսում էի այն մասին, որ եթե չլինեն ժողովրդի և քաղհասարակության հստակ ընդգծված պահանջները, լինելու է վերադարձ հին բարքերի։ Որովհետև եթե չլինի համակարգերի փոփոխություն, համակարգը կլանելու է ցանկացած լավ մտադրություն ունեցող իշխանությանը»։

Սեդա Գրիգորյանը հիշեցնում է թավշյա հեղափոխությունից հետո հնչող խոստումները՝ ոստիկանական համակարգի բարեփոխման ու Երևանում կանաչ գոտիների ավելացման մասին։ Խոստումներ, որոնց իրականացումը, նրա խոսքով, հետզհետե ավելի ու ավելի անիրական է թվում։

XS
SM
MD
LG