Ֆիզգորոդոկ անունով հայտնի Ալիխանյան 6/1 հասցեի բնակիչներն ահազանգում են՝ քրեական գործի հարուցման պատճառ դարձած տարածքում շինարարական աշխատանքների իրականացումը կարող է խանգարել քննության ընթացքին: Գիտավանի բնակիչներն այսօր առավոտյան տեսել են՝ տեխնիկայով ծառեր են կոտրվում:
«Ծառերը տապալել են արդեն այս հատվածի, ճանապարհ են բացում երևի իրենց տեխնիկայի համար, ու սա այն դեպքում, երբ քրեական գործը հարուցված է», - մատնանշում է բնակիչներից մեկը:
Այս խնդիրը ավելի քան 20 տարվա պատմություն ունի: Բնակիչները, իրավական հիմքեր ներկայացնելով, պնդում են՝ տարածքը դեռ 2000-ականներին ապօրինի է սեփականաշնորհվել: Մինչդեռ կառուցապատող «Ռատկո» ընկերությունը, որը վերջերս է շինթույլտվություն ստացել, նշում է՝ նման տեղեկություն չունի, և շինարարությունը կարող է կասեցվել միայն դատական ակտով, որը չկա։
Ֆիզգորոդոկի բնակիչները վերջին շաբաթներին բողոքի ցույցեր կազմակերպեցին՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը։ Դատախազությունն էլ օրերս հայտարարեց՝ բնակիչների հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։
Դատախազությունից, այդուհանդերձ, նշել էին՝ քրգործի հարուցումը շինարարության կասեցում չի ենթադրում։
«Եկա ու ներկա եղա նրան, որ ինչ-որ ծառեր ընկան, ու դա շատ ցավալի է, որ սա արժեք է: Այս արժեքը հենց այնպես չի տրվել, այստեղ աշխատել են մարդիկ, ճառագայթվել են, մահացել են դրանից, այնպես չի սա այստեղ», - ասում է տեղի բնակիչը:
Ի՞նչ է լինելու վերջում, եթե ամենը ջարդեն ու կոտրեն, ասում է թաղամասի բնակիչ Օֆելյա Բաղդասարյանը. «Եթե էստեղ ամեն տեղ տներ սարքեն, էս ծառերը չեն լինի, ու էս բնակավայրն այս տեսքը չի ունենա: Եթե հավանում են, պետք է կրկնօրինակեն, ոչ թե ջարդեն այն, ինչ որ կա, դա մարդկային բան չի, դա բնության դեմ է, մարդու դեմ է, իսկ բնությունը այնպես չի թողնում»:
Շինաշխատանքները կարող են վերացնել ապացույցները, խոչընդոտել նախաքննության ընթացքին, շեշտում է ֆիզիկայի գիտավանի բնակիչ Վահրամ Ասատրյանը. «Տեսանք, տրակտորն աշխատում է: Ունեմ ես բնակիչներից նկարներ արած, որ նկուղի տարածքը քանդում են, այսինքն` հետքերը, ապացույցները վերացնում են»:
Թաղամասի երկու բնակիչ էլ արդեն երկու շաբաթ է` հացադուլ է անում: Նրանցից Վահրամ Ասատրյանի խոսքով՝ այս ընթացքում նրանց որևէ պաշտոնյա չի հանդիպել. «Մարդը բողոքի ակցիա է անում, հացադուլ է արել, ինչ-որ մեկը պիտի գա, իր հետ բանակցի, խոսա, հասկանա»:
Ֆիզգորոդոկում իրականացված բողոքի ակցիաները նաև բախումներով՝ քաշքշուկով ուղեկցվեցին, անչափահասներ էին տուժել։