Մատչելիության հղումներ

Ֆիզգորոդոկին առնչվող քրգործը բնակիչներն առաջին հաղթանակն են համարում, սակայն սա շինարարության պարտադիր կասեցում դեռ չի ենթադրում


Ֆիզգորոդոկ անունով հայտնի Ալիխանյան 6/1 հասցեում ապրող բնակիչների հաղորդման հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։

Մոտ 20 տարվա պատմություն ունեցող խնդիրը սրվեց վերջերս․ Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքում գտնվող ավանում «Ռատկո» ընկերությունը 12 հարկանի շենք կառուցելու շինթույլտվություն է ստացել։ Ու թեև կառուցապատողը պնդում է, որ ունի բոլոր հիմքերն ու թույլտվությունը շինարարություն իրականացնելու համար, բնակիչները ներկայացնում են իրավական հիմքեր, որ տարածքը դեռ 2000-ականներին սեփականաշնորհվել է ապօրինաբար։

Նկատենք միայն, որ 2003-2009թթ. Երևանի քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր։

«Քրեական գործի շրջանակներում ակնհայտորեն որևէ անձ չի դատվելու, որովհետև բաց են թողնված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Քրեական գործի քննությունը կարևոր է այնքանով, որքանով պետք է հաստատվի, որ այս հողի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է հանցավոր ճանապարհով», - ասում է Ֆիզգորոդոկի բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան Հայկ Հարությունյանը, որ օգոստոսի 26-ից հացադուլ է հայտարարել, իր ձևակերպմամբ` թաղամասում տիրող ապօրինությունների դեմ:

Հարությունյանը պնդում է՝ այս գործը շահելու դեպքում հողատարածքը պետք է վերադարձվի հանրությանը։ Դիտարկմանը, որ արդյոք այս դեպքում չի՞ ոտնահարվում սեփականատիրոջ իրավունքները, հիշեցնում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը. «Այստեղ հողն ընկնում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների տակ, քանի որ իրենից ներկայացնում է այգի և ընդհանուր օգտագործման տարածք: Դրա համար մենք սեփականության իրավունքը չենք ճանաչում: Եթե անգամ ճանաչում ենք սեփականության իրավունք, սեփականությունը ենթակա է վերադարձման, որովհետև այդ սեփականության իրավունքը գրանցված է ակնհայտ հանցավոր ճանապարհով»:

Քանի դեռ սկսել է իրավական գործընթաց, բնակիչները հույս ունեն, որ դատախազությունը կկասեցնի շինարարությունը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, այդուհանդերձ, «Ազատությանը» փոխանցեց` քրեական գործի հարուցման արդյունքում շինարարության կասեցում անմիջականորեն չի ենթադրվում. «Բայց քրեական գործի քննության շրջանակներում այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ»:

Բնակիչներն, այդուհանդերձ, ոգևորված են, սա համարում են Ֆիզգորոդոկի պայքարի առաջին միջանկյալ հաղթանակը, հատկապես, որ մի քանի օր է` շինարարական աշխատանքներ չեն ընթանում։ Տարածքում հիմա կանաչ պարիսպ է, բնակիչների խոսքով՝ նման մետաղական կանաչապատումը տեսողական խաբկանք է։ Բնակիչներից Սեդա Գրիգորյանն արդեն իսկ ուսումնասիրել է նախագծերը, ասում է՝ անզեն աչքով էլ երեևում է՝ քանի տասնյակ հաստաբուն ծառերի տեղում է հայտվելու էլիտար շենքը. «Հետևի հատվածի ամբողջ կանաչը, վերևի հատվածի ամբողջ կանաչը, ծառերը դուրս են գալիս, այսինքն` հատվում են:

Մենք հաշվել ենք մոտավորապես 60-ից ավելի ծառ, ծառերի կեսը հատվում է, մյուս կեսից որոշները հատվում են, մի քանի հատիկ իրենք տպում են, գազոնապատում են, և դա կոչում են բարեկարգում»:

Իրավական պայքարին զուգահեռ չեն դադարեցնում քաղաքացիական նախաձեռնությունները, ու առաջին հասցեատերը շարունակում է մնալ Երևանի քաղաքապետարանը, որին մեղադրում են հանցավոր անգործության մեջ: Բնակիչները շարունակում են պահանջել հեռացնել մայթերին տեղադրված շինհրապարակի ցանկապատը, տրամադրել բնակիչներին պատշաճ տեղեկատվություն, չնստել ծալած ձեռքերով ու մեղադրել նախկին պաշտոնյաներին՝ այս գործընթացին կանաչ լույս վառելու համար. «Քաղաքապետարանը ոչ միայն իր ձեռքերը կապած չեն, այլ քաղաքապետարանն իր գործունեությամբ և գործողություններով հանգեցնում է նրան, որ կապի քաղաքացիների ձեռքերը` թույլ չտալու հասնել իրավական հանգուցալուծման, այն պարագայում, երբ քաղաքացիներն արդեն երկու տարի է` իրավական ճանապարհով փորձում են այս խնդիրը բարձրաձայնել, գործեր հարուցել, քաղաքապետարանը ոչ միայն հետամուտ չի լինում այդ խնդիրներին, ոչ միայն ինքը` որպես պատասխանատու կառույց չի դիմում իրավապահ մարմիններին բացահայտելու այս գործերը, այլ տալիս է շինթույլտվություն»:

«Երևանի քաղաքապետարանը գործում է իր լիազորությունների շրջանակում և ոչինչ չի անի իր լիազորությունների շրջանակներից դուրս», - ասում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը, պնդում է՝ քաղաքային իշխանությունը բոլոր գործառույթները կիրականացնի, եթե ունենա համապատասխան իրավական ցուցումներ։

«Ֆիզիկայի բանավանի հարգարժան բնակիչները պահանջում էին, որ քաղաքապետարանը քննության առնի հողի սեփականաշնորհման օրինականության հիմքերը, քաղաքապետարանից պատասխանում էին, որ այդ գործառույթով օժտված են իրավապահ մարմինները, տվյալ դեպքում դատախազությունը, և մենք տեսանք, որ ոչ թե քաղաքապետարանը քրեական գործ հարուցեց, ինչը զավեշտալի կլիներ, այլ դատախազությունը քրեական գործ հարուցեց: Նույն կերպ քաղաքապետարանը մնացած գործառույթները կիրականացնի, այսինքն` շինթույլտվության ենթադրյալ կասեցում կամ այլ գործողություններ, եթե կունենա դրա լիազորությունը, կամ եթե իրավապահ մարմիններից կունենա համապատասխան ցուցում», - հավելեց Կարապետյանը:

Ֆիզգորոդոկի բնակիչները նաև քաղաքապետարանից պահանջում են ավագանու արտահերթ նիստ հրավիրել։ Քաղաքապետի խոսնակը պնդում է, որ հատուկ նիստ հրավիրելու հիմքեր են պետք:

Դիտարկմանը՝ քրեական գործը չի՞ կարող արդյոք այդ հիմքերից մեկը լինել, Կարապետյանն ասաց՝ այդպիսի ընթացակարգի մասին տեղեկություն չունի:

Ֆիզգորոդոկում ընթացող շինարարությունը դարձավ նաև քաշքշուկի պատճառ։ Պարիսպները տեղադրելու ժամանակ բախումներ եղան, անչափահաս բնակիչներ տուժեցին։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից տեղեկացանք, որ ստացել են բողոքները ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների վերաբերյալ և՛ քաղաքացիներից, և՛ Մարդու իրավունքների պաշտպանից։

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 3 առանձին քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական լիազորությունների անցում բռնությունների կիրառմամբ հոդվածներով։

«Կպարզվեն դեպքերի բոլոր հանգամանքները, իրական գնահատականներ կտրվեն ներգրավված անձանց, այդ թվում` ոստիկանության ծառայողների գործողություններին», - «Ազատությանը» փոխանցեց Գոռ Աբրահամյանը:

Ֆիզգորոդոկ անունը ստացած թաղամասը Երևանի ամենականաչ վայրերից է։ Կառուցվել է 1950-ական թվականներին՝ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար։

XS
SM
MD
LG