Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d'Arménie պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում անկայուն է Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների հետևանքով:
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ վերջ է դրվել ռազմական գործողություններին, իրավիճակը մնում է անկայուն: Դա կապված է այդ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից մի քանիսը չկատարելու, մասնավորապես, որոշ դրույթները խեղաթյուրելու, ռազմագերիներին և գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց չվերադարձնելու, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանության հետ»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Նրա խոսքով, Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար: