Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան «ֆեյք» է անվանել ամերիկյան մամուլում հրապարակված տեղեկությունները, որոնց համաձայն, Ռուսաստանը զորք է կուտակում Ուկրաինայի սահմանի մոտ:
«Նկատեք, որ միանգամից երեք պարբերականներ՝ Politico-ն, Washington Post-ը և Foreign Policy-ն, կարծես մեկ հրամանով, նույն օրը հոդվածներ են հրապարակել այն մասին, թե Ռուսաստանն, իբր, զորք է մոտեցրել Ուկրաինայի սահմանին: Դա ոչ թե մեկ «ֆեյք» է, այլ մի ամբողջ «ֆեյք-արշավ է ամերիկյան լրատվամիջոցներում»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանի տարածքում զինվորական ստորաբաժանումների և տեխնիկայի փոխադրումը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է:
Politico պարբերականն օրերս հաղորդել է, որ ըստ տիեզերական արբանյակներից ստացված լուսանկարների, Սմոլենսկի շրջանի Ելնյա բնակավայրի մոտ տեղակայված է ռազմական տեխնիկա, որը, ենթադրաբար, պատկանում է Ռուսաստանի Զինված ուժերի Առաջին գվարդիական տանկային բանակին:
Պարբերականը չի բացառել, որ այդ ակտիվությունն առնչություն ունի ռուս-ուկրաինական լարված հարաբերությունների հետ: