Մատչելիության հղումներ

Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում` պահանջելով բարձրացնել աշխատավարձերը


Երևանի շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում հենց եթակայանի բակում: Սպասարկող 5 մեքենաները, ասում են, չեն սպասարկելու այսօր քաղաքացիներին, որովհետև վարորդների պնդմամբ` իրենց աշխատավարձերը ցածր են, դրանով չեն կարողանում գոյատևել, ընտանիք պահել:

Վարորդներին միացել են նաև բժիշկները: Վերջիններս չմոտեցան և իրենց խնդրի մասին չբարձրաձայնեցին Շտապօգնության կենտրոնական կայանից եկած պաշտոնյաների մոտ, սակայն նախքան այդ նշում էին` իրենք էլ են գերծանրաբեռնված աշխատում` չկարողանալով հանգստանալ ընդհանրապես:

Վարորդները պնդում են` իրենք 7-10 օր են աշխատում, 24 ժամվա համար վարձատրվում են 11 հազար 300 դրամով, իսկ 10 օրվա համար անգամ մոտավորապես 113 հազար դրամն իրենց չի բավականացնում:

«Տալիս է 11 ու քանիս, գոնե մի 20 հազար տա, պարգևավճար գոնե տան: Սաղ աշխարհը ստանում է, իրենք ստանում են միլիոններ, մենք ստանում ենք կոպեկներ, մեր փողը, որը պիտի մեզ տան, իրենք իրենց պարգևավճար են տալիս», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Գիշերն էսօր ո՞վ է աշխատում 24 ժամ, մենք աշխատում ենք, մեզ կոպեկներ են վարձատրում մեր արած աշխատանքի համար», - շարունակեց մյուսը:

Նրանք նաև ասում են, որ երբ կանչ լինի` ծանր հիվանդի տեղափոխման համար, անպայման կգնան կանչը սպասարկելու: Վարորդների խոսքով` առավոտից արդեն 2 այդպիսի կանչ սպասարկել են, սակայն «Ազատության» նկարահանող խմբի ներկայությամբ ընդունարան զանգ ստացվեց, խոսքը սրտանոթային խնդիր ունեցող հիվանդի մասին էր, աշխատակիցը պատուհանը բացեց, վարորդներին հարցրեց. «Կանչ կա, կգնա՞ք»:

Պատասխան հնչեց` բանալիները հավաքել են, հետո պարզվեց, որ ենթակայանի տնօրենն է մեքենաների բանալիները հավաքել: Նա հավաստիացրեց, որ եղել են կանչեր, անձամբ նստել է մեքենան բժշկի հետ, սակայն վարորդները հրաժարվել են գնալ:

Այստեղ եկած Շտապօգնության գլխավոր կայանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ եթե հիմա հրաժարվում են աշխատել, ապա մեքենաները դուրս կբերվեն, և այլ ենթակայանների վարորդները կվարեն դրանք: Ակցիայի մասնակիցները հրաժարվեսին` ասելով, որ ակցիան ևս կշարունակեն:

Առավել մանրամասն այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG