Մատչելիության հղումներ

«Ուժասպառ ենք լինում». Շտապօգնության վարորդները աշխատավարձի բարձրացում են պահանջում


Առավոտից շուրջ 7 ժամով աշխատանքը դադարեցրած Շտապօգնության Երևանի 6-րդ ենթակայանի վարորդներն ասում են՝ հատկապես համաճարակի պատճառով աշխատում են գերծանրաբեռնված, չեն հասցնում անգամ քնել ու սնվել։

«Ես էլ ի վիճակի չեմ աշխատելու, մենք հաց ուտելու ժամանակ չունենք», - ասում է նրանցից մեկը:

«Շատ հեշտ է այդ հարցումի լուծումը` պարգևավճար, ոնց որ բոլորին», - նշում է մեկ այլ վարորդ:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Սերժիկ Գասպարյանը ցույց է տալիս իր հաշվեհամարին փոխանցված 113 հազար դրամն ու նշում` ամսվա մեջ 10 օր աշխատելով` ինքը հենց այդքան է վարձատրվում, բայց վարորդներն այդ 10 օրն աշխատում են 24-ժամյա գրաֆիկով։ Մեկ այլ վարորդ էլ ասում է՝ մի կարծեք, թե թեթև գրաֆիկ է, «ուժասպառ ենք լինում»: «Սուտկվա աշխատավարձը կազմում է 11 հազար 700 դրամ, մի փոքր պահումներ են պահում, 11 հազար 300 դրամ իմ աշխատավարձն է կազմում: Ես ամսվա մեջ աշխատել եմ 10 օր, ստացել եմ 111 հազար 300 դրամ` 24 ժամ»:

«Ժամերը որ վերածում ենք, 30 օր աշխատում ենք, կեսը 100 է ստանում, կեսը քիչ է ստանում, հնարավո՞ր է Հայաստանում տուն պահել: Առավոտը հելնում եմ 24 ժամ աշխատած, գնում եմ տաքսի քշելու, որ երկու կոպեկ փող աշխատեմ: Բայց դե չես կարում այդ փողով տեղավորվես: Ինչո՞ւ պիտի Շտապօգնության վարորդը 24 ժամ աշխատի, հետո էլ մտածի, որ գնա, ուրիշ տեղ էլ աշխատի, ինքը պետք է գնա, պառկի, հանգստանա, որ հաջորդ օրը նորից գնա իր գործին», - վրդովված նշեց մեկ այլ մասնակից:

«Ես մեքենա եմ վարում, ու եղել է երկու դեպք, երբ հերթապահությունից հետո վթարի եմ ենթարկվել, որովհետև ի վիճակի չեմ քշել, հատկապես երկար ճանապարհ: Այդ 10 օրվա աշխատածը համապատասխանում է մոտավորապես 20 օրվան»:

Երևանի Շտապօգնության 6-րդ ենթակայանը 15 վարորդ ունի, 5 մեքենա։ Առավոտից այդ բոլոր մեքենաները կանգնել էին, բողոքի ակցիայի դուրս եկած վարորդներին նաև բժիշկներն էին միացել: Նրանք ասում են՝ թեև վարորդների համեմատ իրենք բարձր են վարձատրվում, բայց իրենց էլ դա չի բավարարում։ Աշխատավարձից զատ, նրանք դժգոհ էին նաև այն խնդրից, որ ստացվող զանգերը չեն ֆիլտրվում, և հաճախ իրենք ծանր հիվանդներին թողած գնում են թեթև, երբեմն նաև բացարձակ իրենց չհասցեագրված կանչերով:

«Կանչերի ճիշտ ֆիլտրացիան է, եթե հնարավորություն կա թեկուզ բրիգադների ավելացում, որովհետև ահավոր դժվար է: Աշխատավարձը կարելի է, բայց ես հաստատ գիտեմ, որ առաջիկա մեկ ամսվա կամ շաբաթվա ընթացքում այդ լուծումը չի լինելու», - նշեց բժիշկներից մեկը:

Շտապօգնության 6-րդ ենթակայանի տնօրեն Կարինե Եգորյանն անընդունելի է համարում խնդրի լուծմանն ուղղված աշատակիցների ընտրած մեթոդը. «Գործադուլի դեպք առաջին անգամն է: Միշտ եղել են պահանջներ, բայց ամեն դեպքում այդ պահանջներն այպիսի ընթացք չեն ունեցել: Ամեն դեպքում իրենք զուտ մարդկային առումով հասկացել են, որ չի կարելի Շտապօգնության մեքենան կանգնեցնել, որովհետև գործ ունեն հիվանդի հետ:

Եթե հիվանդի հետ գործ ունի մարդ, նշանակում է` ինքը պետք է իր անձնականը, եթե եկել է այստեղ աշխատելու, կողք դնի»:

Բողոքի ակցիա կազմակերպած վարորդների հետ հանդիպման եկան Երևանի Շտապօգնության կենտրոնական կայանի վարիչն ու Երևանի Շտապօգնության գլխավոր հաշավապհը։ Մի քանի ժամ ընթացած զրույցից հետո եկան ընդհանուր որոշման, որ աշխատակիցներն իրենց խնդիրները գրավոր կներկայացնեն, որոշ ժամանակ անց կստանան պատասխան։ Իսկ մինչև խնդիրներն ու պահանջները թղթին հանձնելը վերադարձան աշխատանքի:

«Իրենք գիտակցում են և գիտեն, որ առողջապահական ընկերություններում, զինված ուժերում, ոստիկանությունում և այլ ծառայություններում իրավունք չկա գործադուլ իրականացնելու», - ասաց նա:

«Եթե հանկարծ լինի բացասական իրենց կողմից, այս ակցիան կշարունակվի, բայց հիմա մենք դուրս ենք գալիս աշխատանքի», - հայտարարեց մեկ այլ վարորդ:

Աշխատանքային օրվա վերջում Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց` ընդգծելով, որ անթույլատրելի են համարում Շտապօգնության աշխատանքը դադարեցնելը: Նաև նշված է, որ պատրաստ են լսել Երևանի քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:

Երևանի Շտապօգնությունը գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց՝ իրենք նոր չէ, որ այս թեմայով քննարկումներ են ծավալում Առողջապահության նախարարության հետ. «Շտապօգնության ծառայության ոլորտում վերջին տարիներին ռեֆորմներ են իրականացվել, աշխատավարձի բարձրացումներ 10 տոկոսով, սոցփաթեթների տրամադրումներ, առնվազն 40 տարվա ընթացքում երբևէ չվերանորոգված եթակայանները հիմնանորոգվել են»:

Իսկ հարցին` հույս կա՞, որ աշխատավարձի բարձրացման առաջարկ կլինի, Կարապետյանն արձագանքեց. «Մեր բնակիչների և մեր աշխատակիցների լավագույն շահից բխող հնարավոր բոլոր գործողությունները կարվեն»:

Քաղաքապետարանը խնդիրները ներկայացնում է Առողջապահության նախարարությանը, որն էլ դա փոխանցում է կառավարություն։ Իսկ այսօր Շտապօգնության վարորդների հետ հանդիպման եկած նրանց ղեկավարները խնդիրը լուծելու հստակ խոստում չտվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG