Մատչելիության հղումներ

Գուտերեշ. «Մենք մեր գերեզմանն ենք փորում»


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայի հարցով ՄԱԿ-ի COP26 գագաթնաժողովում, Գլազգո, 1-ը նոյեմբերի, 2021թ.
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայի հարցով ՄԱԿ-ի COP26 գագաթնաժողովում, Գլազգո, 1-ը նոյեմբերի, 2021թ.

Գլազգոյում կլիմայի հարցով միջազգային գագաթնաժողովը, պետական գործիչների, գիտնականների և բնապահպանների համոզմամբ, ճակատագրական նշանակություն ունի մոլորակի համար:

COP26 հապավումը բացվում է որպես Conference of the Parties՝ Փարիզի կոնֆերանսի 26-րդ նիստ: Այս հարթակի առաքելությունն է կյանքի կոչել Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան:

Գլազգոյում են Մեծ քսանի լիդերները, ովքեր անցած շաբաթավերջին գագաթնաժողով են գումարել Հռոմում: Աշխարհում ածխաթթու գազի արտանետումների 80 տոկոսի համար պատասխանատվություն են կրում Մեծ քսանի երկրները:

Բնության համար ավերիչ այդ գազն արտադրվում և մթնոլորտ է մղվում հանածո վառելիքի՝ նավթի, գազի և ածխի կիրառման հետևանքով և ստեղծում է «ջերմոցային էֆեկտ»:

Գիտնականների համոզմամբ, հենց դա է առաջացնում ջերմաստիճանի աննախադեպ բարձրացում, երաշտ, հեղեղներ, փոթորիկներ, որոնք հետզհետե ավելի հաճախ են պատուհասում աշխարհը:

Գլազգոյի հավաքում քննարկվում են արտանետումները զսպելու և այդ միջոցով գլոբալ տաքացումը սահմանափակելու հարցերը: Նպատակն է մինչև 2100 թվականն աշխարհում միջին ջերմաստիճանն իջեցնել 1,5 աստիճանով և հասցնել նախաարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշին:

Դա միայն առաջին հայացքից է համեստ թիվ ընկալվում, քանի որ 1,5 աստիճանի իջեցումը կպահանջի միլիարդների, եթե ոչ տրիլիոնների ծախսեր, հանածո վառելիքի կիրառման կրճատում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացում:

Գլազգոյի համաժողովում Մեծ քսանի լիդերներին են միացել ևս մոտ հարյուր երկրների բարձրաստիճան ղեկավարներ, նրանց թվում է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով այսօր պետք է հանդես գա ուղերձով:

Ուշագրավ է, որ այս հավաքին ներկա չեն աշխարհում արտանետումների ծավալով թիվ 1 և թիվ 4 երկրների՝ Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը:

Բանախոսները նշում են, որ այսօր որոշվում է Երկիր մոլորակի ապագան, իրավիճակը ծանր է, և կտրուկ միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են առաջանալ անդառնալի փոփոխություններ: Երեկ առավել զգաստացնող էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

«Մեր կախվածությունը հանածո վառելիքից մարդկությանը հասցրել է մի եզրի, որտեղ մեր առաջ պարզ ընտրություն է՝ կա'մ մենք պետք է հանածո վառելիքին վերջ տանք, կա'մ հանածո վառելիքը մեր վերջը կտա: Բա՛վ է, այլևս չի կարելի ոչնչացնել կենսաբազմազանությանը, այլևս չպետք է ինքներս մեզ սպանենք ածխաթթու գազով, չի կարելի բնությունը դարձնել պետքարան, այրում ենք, հորատում ենք, արդյունահանում ենք, բա՛վ է, մենք այդպես մեր գերեզմանն ենք փորում», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Քաղաքական լիդերները պետք է ընդունեն կլիմայի հարցով նոր համաձայնություն, որի դրույթները հետագայում կմշակեն կառավարությունների համապատասխան պաշտոնյաները:

Համաժողովը կավարտվի նոյեմբերի 12-ին: Այն պետք է գումարվեր դեռ 2020 թվականին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

XS
SM
MD
LG