Մատչելիության հղումներ

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը կալանավորվել է


Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար:

Ըստ իրավապահների, իր պաշտոնավարման տարիներին՝ 2004-12 թվականներին, համայնքին պատկանող մոտ 15 անշարժ գույք, այդ թվում օտարման ոչ ենթակա տարածքներ ու շենք-շինություններ է սեփականաշնորհել իր մտերիմների ու ընտանիքի անդամների անուններով։ Հետագայում այդ գույքի ապօրինի ծագումը թաքցնելու նպատակով 2014 և 17 թվականներին փոխել է դրանց սեփականատերերին, ինչը իրավապահները դիտարկում են որպես փողերի լվացում։

Այսօր Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողներին ասաց, որ քննությունն սկսել են այս տարվա ընթացքում Պետական վերահսկողական ծառայությունից ստացած տեղեկություններից հետո. - «Վստահեցնում եմ՝ ձեռք բերված ապացույցները մեզ թույլ են տվել եզրակացնելու, որ քաղաքին պատկանող զբոսայգու, անտառային ֆոնդի, նախկին քաղաքապետարանի շենքի որոշակի տարածքներ ապօրինի օտարվել է որոշակի անձանց»։

Դատախազությունը համարել է, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետի պատշաճ վարքագիծը նախաքննության փուլում հնարավոր է միայն նրան կալանքի տակ պահելու դեպքում։

«Մենք ունենք բազմաթիվ անձանց հարցաքննելու անհրաժեշտություն, ովքեր որ նախկինում գործել են նախկին քաղաքապետի ենթակայության տակ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին քաղաքապետը ենթադրաբար ունի ազդեցություն նրանց նկատմամբ՝ մենք կալանք կիրառելու միջնորդության հիմքերից մեկը դրել ենք, որ հնարավոր է ապօրինի ազդեցություն գործադրելու հանգամանքը», - փաստարկեց Գաբրիելյանը։

Սարգիս Ղարաքեշիշյանից հետո Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնում նրան փոխարինել էր եղբայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը, որը 8 տարվա պաշտոնավարումից հետո, անցած տարի մահացավ կորոնավիրուսից։ Նրա պաշտոնավարման օրոք նույն հոդվածներով քրեական գործերում իր անունն էր։

Հանգուցյալ Ղարաքեշիշյանից առաջ համայնքի ղեկավար եղած Սարգիս Ղարաքեշիշյանի անունը չէր հիշատակվում։ Նույնաբովանդակ մեղադրանքում նշվում էր, որ «Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը և ձևական աճուրդներով ու կեղծիքներով իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր»։ Այդ գործով նա ևս ձերբակալվել էր, բայց դատարանը նրան կալանավորելու միջնորդությունը չէր բավարարել։

Մարզի դատախազն այսօր ասաց, որ հանգուցյալ Միքայել Ղարաքեշիշյանի օրոք ապօրինի օտարումների քրեական գործերը դեռ շարունակվում են։

Կալանքի տակ գտնվող նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի պաշտպան Կարեն Սարդարյանն «Ազատությանն» ասաց, որ անհիմն են համարում թե՛ մեղադրանքը և թե՛ կալանքի մասին որոշումը. - «Անհիմն մեղադրանք է առաջադրվել։ Դա մեր դիրքորոշումն է, և մենք պատրաստում ենք վերաքննիչ բողոք»։

Նշենք, որ երկու շաբաթից Ստեփանավանում ընտրություններ են։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Բարգավաճ Հայաստանը»։ Հունիսին կայացած Ազգային ժողովի ընտրություններին Սարգիս Ղարաքեշիշյանը և նրա եղբորորդին «Հայաստան» դաշինքի ակտիվ աջակիցներ էին։ Եղբորորդին նաև դաշինքի շտաբի պետն էր։

Այսօր դատախազը հերքեց, թե այս քրեական գործն ու կալանքի մասին որոշումը կարող են քաղաքական հետապնդում լինել ընտրություններից առաջ. - «Իրավապահ մարմինները որևիցե առնչություն չունեն մարզի տարածքում իրականացվող քաղաքական գործընթացների հետ»։

XS
SM
MD
LG