Մատչելիության հղումներ

Ստեփանավանի համայնքապետը պնդում է՝ չարաշահումներ թույլ չի տվել


Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը զրուցում է «Ազատության» հետ, Ուրասար, 16-ը հունվարի, 2020թ.
Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը զրուցում է «Ազատության» հետ, Ուրասար, 16-ը հունվարի, 2020թ.

Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հերքում է, թե իր ղեկավարման 7 տարիների ընթացքում չարաշահել է պաշտոնեական դիրքը, կեղծիքներ կամ յուրացումներ կատարել։

Անցած տարեվերջին Ոստիկանությունը ձեռք բերած փաստական տվյալների համաձայն քրեական գործ էր հարուցել, ըստ որի` «Ստեփանավան համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը և ձևական աճուրդներ կազմակերպելով ու կեղծիքներ կատարելով, իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր»։

Ստեփանավանի համայնքապետը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց. - «Եթե ես էդ քաղաքի քաղաքապետն եմ, իմ ոչ ոչ մի ընկեր, ոչ մի բարեկամ ոչ մի տեղ իրավունք չունի՞ աշխատի կամ մի կտոր հող ձեռք բերի՞, սաղ պտի քոչե՞ն էդ տարածքից։ Պատասխանեք, ո՞նց հասկանանք»։

Ակնհայտ էժան գների մասին դիտարկմանը Ղարաքեշիշյանը հակադարձեց. - «Ի՞նչը, չկա տենց հասկացողություն, ոչ մի էժան... կադաստրային գնից էլ բարձր գներ ա դրվել։ Այո, կադաստրային գնից էլ բարձր գին ա դրվել»։

Ըստ նույն քրեական գործի, «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-ից 2019 թվականներին «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին հատկացրել է ավելի քան 316 հազար եվրո և 32 միլիոն դրամ արժեք ունեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես մարդասիրական օգնություն անապահով ընտանիքներին։ Այդ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանն է, որը, համաձայն քրգործի, «անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ է կազմել և յուրացրել 89 միլիոն դրամից ավելի կազմող տարբեր իրեր»։

Ղարաքեշիշյանն «Ազատությանն» ասաց՝ նվիրառուների ցուցակներ կազմելու պահանջ կառավարությունից և Կարմիր խաչից չի ստացել, հետևաբար՝ չի կազմել։ Ըստ նրա՝ օգնության նպատակով Գերմանիայից ուղարկված ահռելի քանակով նվերն արժեք չի ունեցել։

«Օգնության բոլոր պարագաները փաստաթղթերով տվել ենք համապատասխան կազմակերպությունների, հագած, օգտագործած շորերն էլ տվել ենք բնակչությանը։ Մեր սխալն էն ա էղել, որ մենք ցուցակագրել չենք, ցուցակով չենք տվել էդ շորերը», - հայտարարեց համայնքապետը՝ հերքելով, թե կեղծ փաստաթղթեր է կազմել. - «Չկա տենց հասկացողություն։ Երբ որ քրեական գործը կվերջանա, ինձ մեղավոր կհանեն, թող տանեն գնդակահարեն»։

Նախանցած տարի Ստեփանավանի համայնքապետի որդին՝ սոցիալական ծառայությունների Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանն ու նրա ենթակաները մեղադրվեցին ավելի քան կես միլիարդ դրամ հափշտակելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք աղքատության նպաստներ էին նշանակել մարդկանց, ովքեր անգամ տեղյակ չէին իրենց նպաստառու լինելու մասին։ Այժմ գործը դատարանում է, մեղադրյալներից որևէ մեկը, մինչդեռ, կալանավորված չէ։

Մինչ նպաստների գործը դատարանում է, համայնքապետի որդին ընդունել է իր մեղքը խոշոր չափի հափշտակության մեջ և վերականգնել պետությանը պատճառված վնասի մի մասը։

«Հա, վերականգնել են։ Ընդունել են մեղքը, մենակ ինքը չէ՝ աշխատակիցներն էլ, մնացած, ովքեր էդ շրջանակներում էղել են, իրանց մեղքը ընդունել են, վնասն էլ հատուցել են», - ասաց Ստեփանավանի համայնքապետը, հարցին՝ դա նորմա՞լ է համարում, արձագանքելով. - «Կա՞ անթերի մարդ ինչ-որ»։

14 տարի, մինչև համայնքապետ դառնալը Ստեփանավան համայնքի ներկայիս ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանն է ղեկավարել Ստեփանավանի սոցիալական ծառայությունը։ Փաստորեն, համայնքապետի պաշտոնում նա փոխարինել է իր եղբորը՝ Սարգիս Ղարաքեշիշյանին, իսկ իրեն Ստեփանավանի սոցիալական ծառայության պետի պաշտոնում փոխարինել է որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բազմիցս վկայակոչել է Ստեփանավանի համայնքապետի կամ նրա մերձավորների գործունեությամբ պայմանավորված քրեական գործերն ու պնդել, որ հանցավոր գործելաոճ ունեցող ոչ լեգիտիմ համայնքապետերը խոչընդոտ են իրենց իսկ համայնքների զարգացման համար, և որ նման համայնքապետերն իրավունք չունեն աշխատելու այդ պաշտոններում։

«Մարզպետը առաջի հերթին, առաջի հերթին, թող ինքը անպատասխան հայտարարություններ չանի, ծեմ բոլեե՝ լրատվությունով, եթե ասելու բան ունի, թող մարզխորհուրդ հավաքի ու էդ մարզխորհրդում կոնկրետ ինձ մեղադրանք տա։ Հետո էլ՝ մարզպետին տրված չի դատախազի ֆունկցիա։ Դե թող զբաղվի», - «Ազատության» հետ զրույցում մարզպետին հակադարձեց Միքայել Ղարաքեշիշյանը՝ հրաժարվելով պատասխանել հետագա հարցերին։

XS
SM
MD
LG