Մատչելիության հղումներ

Ստեփանավանի սոցծառայությունում գործել է կոռուպցիոն սխեմա. վկայություններ դատարանում


Ստեփանավանի սոցիալական ծառայության կողմից նախկին պետ Ալբերտ Ղարաքեշիշյանի օրոք կես միլիարդ դրամի հափշտակության գործով այսօր դատարանում էին 4,5 տարի նրա ենթակայությամբ աշխատած երեք տեսուչներ։ Երեքն էլ դատարանում հրաժարվեցին ցուցմունք տալ ու պատասխանել հարցերի։

Խնդրեցին հրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, որտեղ բոլորն էլ ասել էին, որ 2013-18 թվականներին «կոռուպցիոն սխեմայով կեղծ նպաստառուներ են ձևակերպել» ու նրանց համար պետությունից միլիոնավոր դրամներ ստացել։

Այսօրվա դատական նիստի ընթացքում հրապարակված ցուցմունքների համաձայն՝ տեսուչներ Արտակ Քալաշյանը, Խալաթ Ռևազյանն ու Արևիկ Գևորգյանը Ստեփանավանի և հարակից գյուղերի պատահական բնակիչների անուններ են ընտրել, կեղծել նրանց մասին տվյալները՝ ընտանիքի կազմից ու բնակության հասցեից մինչև ունեցվածքի մասին տեղեկություններ։

Այսօր նախաքննական ցուցմունքները հրապարակեցին դատավոր Սուրեն Բաղդասարյանն ու մեղադրող Արթուր Պողոսյանը. - «Անձնագրի և սոցիալական քարտի տվյալները դուրս ենք գրել մեզ մոտ եղած անձնագրային բազայից, որից հետո այդ չափահաս անձի հետ կցում էինք անչափահաս անձի կամ անձանց, որոնց տվյալները մուտքագրում էինք նպաստի հաստատման ծրագիր և որպես հասցե մուտքագրում էինք Ստեփանավան քաղաքի որևէ գործող հասցե, կապ չունի՝ դա բնակելի տարածք է, թե որևէ այլ տարածք, որից հետո եթե անձի նպաստը հաստատվում է, նպաստը մենք էինք ստանում»:

Բնակելի ու անբնակ հասցեների վրա հարյուրավոր կեղծ նպաստառուներ են ձևակերպել նախկինում նպաստ ստացած, անգամ հանրապետությունում չգտնվող ստեփանավանցիների անուններով:

«Ձեզ մոտ երբևէ ստուգումներ չեն իրականացրել Լոռու մարզպետարանի, Սոցնախարարության, նախագահի վերահսկողական ծառայության կողմից, վարչապետի աշխատակազմի կողմից, արդյոք չե՞ն ստուգվել նպաստառուների անձնական գործերը: Պատասխան՝ տարբեր գերատեսչություններից իրականացվել են ստուգումներ, սակայն այդ բոլոր հարցերով զբաղվել է գործակալության պետը՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը», - ներկայացրեց դատախազ Արթուր Պողոսյանը:

Երեք տեսուչներն էլ իրենց ցուցմունքներում ասել են, որ ամբողջ կոռուպցիոն սխեման առաջարկել և վերահսկել է Սոցիալական ծառայության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը։ Մանրամասն բացատրել էին, թե ինչպես են ամեն ամիս նպաստառուների ցուցակները հանձնել «Հայփոստի» աշխատակիցներին, ինչպես են նպաստի բաշխումից հետո գնացել կեղծ նպաստների գումարի ետևից, ինչպես են դրա 10 տոկոսը թողել «Հայփոստում», 30 տոկոսը՝ գրպանել, իսկ 60 տոկոսը՝ իր աշխատասենյակում հանձնել ծառայության ղեկավարին՝ ամբաստանյալ Ալբերտ Ղարաքեշիշյանին:

«2013 թվականի հունվար ամսին մեր գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը ինձ, Արևիկին, Խալաթին, Հրաչին ու Գառնիկին հավաքեց իր մոտ ու հայտնեց, որ ցանկանում է, որ մենք աշխատենք կոռուպցիոն սխեմայով, որպեսզի գումար աշխատենք ու կարողանանք ընտանիքներս պահել: Քանի որ Ալբերտը մեր ղեկավարն էր, մենք նրան լսեցինք», - ասված է ցուցմունքում:

Մյուսում նշվում է. - «Փաստացի գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը նույնպես տեղյա՞կ է եղել ձեր կողմից կոռուպցիոն սխեմայի մասին:

Այո, տեղյակ է եղել:

Հարց՝ նման սխեմայով Ալբերտ Ղարաքեշիշյանի հետ որքա՞ն տարի եք աշխատել:

Պատասխան՝ 2013 թվականից սկսած այդ սխեմայով ենք աշխատել Ալբերտ Ղարաքեշիշյանի հետ, և այդպես մինչև 2018 թվականի հունիս ամիսը:

Հարց՝ Ձեր գործընկերներ Հրաչյա Սուքիասյանը, Գառնիկ Աբովյանը, Արտակ Քալաշյանն ու Խալաթ Ռևազյանը աշխատե՞լ են այն կոռուպցիոն սխեմայով, որ Դուք ներկայացնում եք:

Այո, մենք բոլորով աշխատում էինք այդ սխեմայով, որ ներկայացրի ղեկավար Ալբերտ Ղարաքեշիշյանի ու ավագ օպերատորների և փաստատարների հետ»:

Ղարաքեշիշյանի ենթակայությամբ աշխատել է 5 տեսուչ, որոնցից մեկը՝ Գառնիկ Աբովյանը, գործընկերների պնդմամբ՝ ամենաշատ թվով կեղծ նպաստառուներն է ձևակերպել, անգամ ավելին, քան, ըստ ցուցմունքների, նախապես պայմանավորվել էր ծառայության պետի հետ։ Նա մինչև այժմ հետախուզման մեջ է, երբևէ չի ներկայացել քննիչներին։ Նրա նախկին գործընկերները նշել են, որ հետախուզման մեջ գտնվող Գառնիկ Աբովյանը կեղծ նպաստառուների հաշվին հափշտակված գումարի մի մասի դեպքում 60 տոկոսը չի տվել ծառայության պետին:

Այսօրվա բոլոր վկաներն իրենց ցուցմունքներում ասել են, որ Ալբերտ Ղարաքեշիշյանն ի սկզբանե իրենց հորդորել է, որ չխախտեն պայմանավորվածությունը, «համը չհանեն ու աշխատեն մաքուր», այսինքն՝ խոստացված տոկոսները հասցնեն տերերին. - «Ես իմ անունից կարող եմ ասել, որ երբեք ոչ փոստային բաժանմունքի աշխատակիցներին, ոչ էլ Ալբերտ Ղարաքեշիշյանին չեմ խաբել, ես երբեք նրան չեմ խաբել ու աշխատել եմ մաքուր»:

Մյուս չորս տեսուչները միասին, ըստ իրենց խոստովանական ցուցմունքների, կեղծ նպաստառուների հաշվին պետությունից հափշտակել են 112 միլիոն դրամ, դեռևս նախաքննության ընթացքում վերականգնել են պետությանը հասցված 112 միլիոնի վնասն ու անցած տարի դատապարտվել հանցանքի համար՝ առանց ազատազրկման։

Իրավապահները, մինչդեռ, մեղադրանքում պնդել են, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության կողմից պետությունից հափշտակված գումարը գրեթե 5 անգամ մեծ է, և այդ ամբողջը տեղի է ունեցել պետի անմիջական մասնակցությամբ ու վերահսկողությամբ։

Նշենք, Ալբերտ Ղարաքեշիշյանից առաջ Ստեփանավանի սոցիալական ծառայությունը ղեկավարել է նրա հայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը, որ Ստեփանավանի ներկայիս քաղաքապետն է։ Բոլոր վկաներն իրենց ցուցմունքներում ասել են, որ նրա օրոք Սոցիալական ծառայությունում չի գործել կոռուպցիոն այս սխեման։

XS
SM
MD
LG