Վաղը՝ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Այսօր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ճեպազրույցին եռակողմ հանձնաժողովի շրջանակներում քննարկումներից որոշ դետալներ է ներկայացնել։ Գրիգորյանն ասել է, որ երկաթգծի ապաշրջափակման հարցում կա որոշ հստակություն։
«Այո, մենք որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, մենք որոշակի պատկերացումներ և նախնական պայմանավորվածություններ ունենք առ այն, որ կարգավորումները ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում», - նշել է Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի փոխվարչապետի խոսքով՝ տարածաշրջանի երկաթգծի ապաշրջափակման շուրջ քննարկումներն ավելի արդյունավետ են, քանի որ խոսքը վերագործարկման մասին է. - «Երկաթգծի հետ կապված խնդիրը մի քիչ ավելի պարզ է, որովհետև երկաթգծի հետ կապված վերականգնողական տրամաբանության մեջ, այսինքն գծերը, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, այդ երկաթգծերի վերականգնման մասին է խոսքը»։
Ընդ որում՝ Մհեր Գրիգորյանն ասում է, թե եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են սովետական տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում։
Խորհրդային Միության ժամանակ Հայաստանը Ադրբեջանի հետ երկաթուղով ու ավտոճանապարհով կապվում էր երկու ուղղություններով՝ Երևան-Նախիջևան-Մեղրի, այնտեղից էլ դեպի Բաքու, և Երևան-Իջևան-Ղազախ՝ այնտեղից էլ դեպի Բաքու կամ Թբիլիսի։ Սովետական Միության փլուզմանը զուգահեռ սկսված արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի կողմից արգելափակվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները։ Պատերազմից հետո ապամոնտաժվեց Մեղրիից դեպի Հորադիզ Արաքսի ափով ընկած երկաթգիծը։
Ադրբեջանն ու Թուրքիան հետպատերազմյան շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ, ընդ որում՝ այդ միջանցքի նախագծի մանրամասները հայտնի չեն՝ արդյոք խոսքը հին սովետական տարիներին Երևան-Նախիջևան-Մեղրի երկաթգծի՞ մասին է, թե՞ ադրբեջանցիները ուզում են բոլորովին նոր երկաթգիծ կառուցել։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միջանցքի մասին չի խոսվում, խոսքն այնտեղ բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, սակայն սրա հետ մեկտեղ հատուկ նշված է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները։
Ամեն դեպքում, Հայաստանի փոխվարչապետն ասում է, թե եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում գոնե միջանցք ասածն ընդհանարապես չի քննարկվում։
«Ես ասել եմ և կրկնում եմ՝ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում, ուղղակի չի քննարկվում», - ընդգծեց Մհեր Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, Հայաստանի փոխվարչապետն ասում է, որ սա երկարաժամկետ գործընթաց է․ «Որպեսզի մենք խոսենք սահմանների մասին, նախևառաջ մենք պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, ընդորում՝ իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնություն, ստորագրություն կամ միացում, ինչ-որ փաստաթղթի»։
Ադրբեջանը հերթական զորավարժությունն է սկսել Լաչինում
Դե իսկ վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ աշխատանքային խմբին նիստին ընդառաջ Ադրբեջանը այսօր զորավարժություններ է սկսել Լաչինում, որտեղ նաև ռուս խաղաղապահներն են տեղակայված։
Թե քանի օր դրանք կշարունակվեն, որքան զինծառայող կմասնակցի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում։ Նշվում է միայն, որ վարժանքների նպատակն է՝ ստուգել ցամաքային և այլ զորքերի փոխգործակցությունը՝ կառավարման ժամանակակից մեթոդների օգտագործմամբ։
Սա ադրբեջանական բանակի արդեն երկրորդ զորավարժությունն է Լաչինի շրջանում 44-օրյա պատերազմից հետո։ Առաջինն անցկացվել էր ընդամենը մեկ ամիս առաջ՝ թուրքական ուժերի ներգրավմամբ։
Հայաստանի սահմանին սկսված վարժանքներին զուգահեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե պատրաստակամ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ միջազգային սկզբունքների՝ միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները ճանաչելու հիման վրա։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այդ մասին ասել է այսօր՝ Բաքվում՝ ընդունելով Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Փիրիզին։ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին Բայրամովն այսօր խոսել է է նաև Սլովակիայի արտգործնախարար՝ Իվան Կորչոկի հետ հանդիպմանը՝ հավելելով, թե հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերին, Ադրբեջանը, նրա պնդմամբ, հետևում է և շարունակելու է կատարել ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ «Հայաստանը պետք է որոշի՝ համագործակցել Ադրբեջանի հետ, թե ընտրել ռևանշիզմի ճանապարհը։ Ադրբեջանը միշտ արձագանքում է դրական քայլերին, սակայն եթե լինի սպառնալիք ադեկվատ պատասխան կտա»։
Այսօր Բաքու է ժամանել նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Կլաարը ևս հայտարարել է, թե Եվրամիությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման, վստահության մթնոլորտի ձևավորման գործում։
Ավելի վաղ եվրոպացի պաշտոնյաները նշել էին, թե պատրաստ են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, եթե նման ցանկություն արտահայտվի երկու կողմերից։Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Կլաարը Բաքվից կժամանի Երևան և Թբիլիսի։