Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը հիմնադրել է Ուշիում բնակվող տնային տնտեսուհին


Ասֆալտապատման աշխատանքներ, արխիվ
Ասֆալտապատման աշխատանքներ, արխիվ

Արագածոտնի մարզի Ուշի համայնքի ոչնչով աչքի չընկնող տներից մեկում է բնակվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերություններից մեկի` «Եվրոասֆալտ 1» ՓԲԸ միակ բաժնետեր Սիրուշ Դավթյանը։ 140 մլն դրամից ավելի կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության սեփականատերը, պարզվեց, 65-ամյա, առողջական խնդիրներ ունեցող միայնակ կին է՝ տնային տնտեսուհի։

Գյուղ Ուշի, Արագածոտնի մարզ
Գյուղ Ուշի, Արագածոտնի մարզ

«Ազատության» այցի ժամանակ նա չցանկացավ հարցերի պատասխանել, սակայն նրա եղբայրը չձայնագրվելու պայմանով մի քանի բառ փոխանակեց` հորդորելով այլ տեղեր սեփականատերեր փնտրել ու հանգիստ թողնել ճնշման խնդիր ունեցող քրոջը։ Փաստաթղթերին արված հղումներին քմծիծաղով արձագանքեց, թե իր քրոջից ի՞նչ խոշոր գործարար։

Փաստաթղթերով հենց Սիրուշ Դավթյանն է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության սեփականատերը
Փաստաթղթերով հենց Սիրուշ Դավթյանն է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության սեփականատերը

«Եվրոասֆալտ 1» ընկերությունը, որտեղ տնօրեն է Ազգային ժողովի նախագահի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, հիմնվել է 2021 թվականի փետրվարին։ Սիմոնյանը տնօրեն է նաև «Եվրոասֆալտ» ընկերությունում, որը հիմնադրվել է մինչև «թավշյա հեղափոխությունը»՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով։

Նորաստեղծ «Եվրոասֆալտ» ընկերությունը պետությունից ասֆալտապատման 2 խոշոր պատվեր է ստացել, առաջինը` Տարածքային կառավարման նախարարությունից այս տարվա հունիսի 17-ին՝ 368 մլն դրամի չափով։ Երկրորդ պատվերը կազմել է 287 մլն դրամ Ապարանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար։

Այս ամբողջ պատմության մեջ խորհրդարանի խոսնակ Սիմոնյանը մեկ խնդիր է տեսնում՝ այս մասին հրապարակումներ արած լրատվամիջոցները. «Դեղին մամուլի հարցերին, դեղին հարցերի ես չեմ պատասխանում», - պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ասել էր նա:

Որևէ կոռուպցիոն ռիսկ չէր նկատել նաև Սիմոնյանի թիմակից, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը
Որևէ կոռուպցիոն ռիսկ չէր նկատել նաև Սիմոնյանի թիմակից, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը

«Ազատության» եթերում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Պապիկյանը հայտարարել էր` բանալի բառերը մրցույթն ու հաղթելն են։ Սիմոնյանն էլ վրդովվում է՝ չէ՞ որ իր եղբոր ղեկավարած ընկերությունը ամենաէժան գինն է առաջարկել։ Իսկապես դա օրենքի պահանջ է, և «Եվրոասֆալտը» 400 մլն դրամի հասնող մրցույթում 50 հազար դրամով ավելի էժան գին է ասել, քան մրցակիցները։ Հաղթելու բանալին այս դեպքում այդ 50 հազար դրամի տարբերությունն է։

Այս չնչին տարբերությամբ պարտված ընկերությունների ներկայացուցիչները «Ազատության» հետ զրույցում խուսափեցին քննադատել իրենց մրցակցին միլիոնավոր դրամների պատվեր տալու որոշումը` ակնարկելով՝ չեն ցանկանում հարաբերությունները փչացնել իրենց գլխավոր պատվիրատուի` կառավարության հետ։

Ասֆալտապատման աշխատանքներ, արխիվ
Ասֆալտապատման աշխատանքներ, արխիվ

Հետաքննական լրագրության երկար տարիների փորձ ունեցող լրագրող Վահե Սարուխանյանը, ով ևս հոդված էր գրել ԱԺ նախագահի եղբոր ղեկավարած ընկերության շահած մրցույթների մասին, այստեղ այլ ռիսկ էլ է տեսնում. «Նախկինում օրինակ` շատ էր քննադատությունը Հանրապետական իշխանության հասցեին, որ մրցույթ կազմակերպողները յուրային ընկերություններին տեղեկացնում են, որ օրինակ` իքս կազմակերպությունն առաջարկում է կամ առաջարկելու է այս գումարը, դու առաջարկի մի փոքր ցածր` կլինես ամենացածր առաջարկողը, կհաղթես, հետո իրար հետ կբարիշենք: Թե ինչ է եղել այս պարագայում, ես չգիտեմ, ես մեղադրանքներ չեմ հնչեցնում, դրա հիմքը չունեմ, բայց որ տրամաբանական կասկած առաջանում է, դա միանշանակ է, և կոռուպցիոն ռիսկի հավանականությունը այս պահին հնարավոր չի հերքել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

«Եվրոասֆալտ» ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ընկերությանը վերաբերող փաստաթղթերում երկու հասցե կար` Արտաշիսյան փողոց 105 /1, որը տեղանքում հայտնաբերել չհաջողվեց, երկրորդը` Երևան` Աբովյան փողոց, որտեղ այդ պահին միայն Ալեն Սիմոնյանի տատիկն էր, ով նշեց, որ այստեղ է իր դստեր` ԱԺ խոսնակի մայրիկի տուն այցելելու:

Կառլեն Սիմոնյանի հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց, և անպատասխան մնացին հարցերը, թե ինչու հենց հեղափոխությունից հետո է հետաքրքրվել ասֆալտապատման բիզնեսով։ Բացի այս ընկերություններից, Կառլեն Սիմոնյանը փոխտնօրեն է նաև «Թի Էս Քնսթրաքշն» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունում։

Փաստերի ստուգման հարթակը պարզել էր, որ այս ընկերությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նվիրատուներից է, վերջին անգամ նվիրաբերել է շուրջ 5 մլն դրամ։

Ժամանակին նմանօրինակ համընկնումների մասին շատ սուր էր արտահայտվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Համեմատականները անընդունելի են Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանի համար. «Ես անկեղծ չեմ հասկանում այդ համեմատականներ անցկացնելը: Ես հասկանում եմ, որ մարդիկ սովոր են իրենց իսկ չափանիշով դիմացինին գնահատել, բայց եթե իրենք տենց բաներ են արել, դա չի նշանակում, որ դա իմ հետ ընդհանրապես կապ ունի»:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

Հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը հիշում է` Սիմոնյանն է այն պատգամավորը, որը բարձրացրել էր զրպարտության ու վիրավորանքների համար նախատեսված տուգանքները, և նրա թիմն էր քրեականացրել պաշտոնյաներին վիրավորելը։

«Շատ ցավոտ է տանում սեփական հասցեին ցանկացած, նույնիսկ չնչին քննադատություն կամ այնպիսի հրապարակումներ, որոնք իր կամ իր մերձավոր շրջապատի մասին պարունակում են ճիշտ տվյալներ: Եթե նման պաշտոնյան ջղաձգվում է, այսպես ասած, ուրեմն հրապարակումը հասել է իր նպատակին», - նկատում է լրագրողը:

Հավելում

«Ազատության» այս ռեպորտաժի հրապարակումից հետո տարածվեց «Եվրոասֆալտ» ընկերության պարզաբանումը բաժնետերի մասին, որտեղ նշվում է, որ այժմ ընկերության սեփականատերերն են Սվետլանա Պողոսյանն ու Գրետա Թադևոսյանը, և որ ընկերության հիմնադիր Սիրուշ Դավթյանը՝ որպես 140 միլիոն դրամ կանոնադրական կապիտալ ներդրել է սեփական ընտանիքի հողատարածքը։ Հետագայում, ըստ «Եվրոասֆալտ»-ի, Սիրուշ Դավթյանը վաճառել է իր բաժետոմսերը և ընկերության հետ այժմ առնչություն չունի։ Այս տեղեկությունը, սակայն, ավելի վաղ «Ազատությանը» հասանելի չի եղել, քանի որ փակ բաժնետիրական ընկերությունները սեփականատերերի փոփոխությունները բաց չեն ձեռնարկությունների էլեկտրոնային ռեգիստրում։

Նշում փոփոխության մասին. - Հոդվածում ի սկզբանե նշված է եղել, որ «Եվրոասֆալտ» և ավելի ուշ ստեղծված «Եվրոասֆալտ 1» ընկերությունները, որոնց տնօրենն է Կառլեն Սիմոնյանը, հիմնվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո` առաջինը` 2018 թվականի մարտի 18-ին՝ 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով, երկրորդը` 2021 թվականի փետրվարին։

XS
SM
MD
LG