Մատչելիության հղումներ

Հայաստան ուղարկված տրանսֆերտները 37 տոկոսով աճել են


Այս տարվա առաջին հինգ ամիսներին արտերկրից Հայաստան է ուղարկվել մոտ 748 մլն դոլար գումար, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ գումարի չափը կազմել է 546 մլն դոլար, նշված է Կենտրոնական բանկի տվյալներում։ Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Հայաստան ուղարկված տրանսֆերտներն աճել են շուրջ 37 տոկոսով։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ավելացած տրանսֆերտներն արտացոլում են արտերկրում աշխատող հայերի եկամուտների ավելացումը։

«Կառուցվածքային առումով, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արևմուտքում, մասնավորապես, Միացյալ Նահանգներում, այս իրադարձություններից հետո արտագաղթի երևույթն ավելի ցցունացավ, և այն մարդիկ, որ հայտնվեցին Հայաստանի սահմաններից դուրս, չէին կարող պարապ նստել, պետք է փնտրեին աշխատանք, գտնեին եկամուտ, ինչը արեցին», - ասաց Բոստանջյանը։

Այս տարվա ցուցանիշները ուշագրավ են նրանով, որ նշված աճի գրեթե կեսն ապահովել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող միգրանտները, քանի որ այս տարի կրկնապատկվել է ԱՄՆ-ից Հայաստան եկող գումարի չափը՝ հասնելով 212 մլն դոլարի։ Սա տնտեսագետը պայմանավորեց մի քանի հանգամանքով․ - «Ենթադրում եմ, որ ԱՄՆ կառավարությունը, որն իրականացնում է, իմ խորին համոզմամբ, ծրագիր Ռուսաստանից մեզ պոկելու, հնարավոր է, որ ինքը, ամենատարբեր ձևերով, Միացյալ Նահանգների աշխատողներին հորդորի ուղղակի կամ անուղղակի ձևով փոխանցումների ծավալները մեծացնել»։

Տնտեսագետի կարծիքով՝ փոխանցումների ծավալների մեծացման վրա դեր է խաղացել նաև Ամերիկայի կառավարության կողմից համավարակի ընթացքում հատկացված ֆինանսական աջակցությունը, ինչը հնարավորություն է տվել ավելի շատ գումար ուղարկել Հայաստան։ Այս տեսակետը պաշտպանում են նաև Կենտրոնական բանկում, որի նախագահը դեռ երկու ամիս առաջ էր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել։

Ի հակառակ ԱՄՆ-ից աճող տրանսֆերտների, շարունակում է նվազել Ռուսաստանից ուղարկվող գումարը, այդուհանդերձ, Հայաստանի համար տրանսֆերտների ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ հենց Ռուսաստանը։ Ռուսաստանից այս տարվա առաջին 5 ամիսներին ստացվել է 290 մլն դոլար:

Տնտեսագետները չեն բացառում, որ տրանսֆերտները կշարունակեն աճել բոլոր երկրներից՝ պայմանավորված համավարակից հետո նոր սահմանների բացումով, ինչը Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի։

Տնտեսագետները Հայաստան ուղարկվող տրանսֆերտների կարևորությունը համամետում են, օրինակ, արաբական շատ երկրներում նավթի ու գազի հետ։ Հայաստանի նման փոքր երկրի համար տրանսֆերտները չափազանց կարևոր ու էական նշանակություն ունեն, ասում է Բոստանջյանը։

«Այն սարսային ինստիտուտները, որ տեղի են ունենում երկրում, մեծամասամբ տեղի են ունենում տրանսֆերտների հաշվին, դրանց միջոցով մենք կարողանում ենք գոնե առաջին անհրաժեշտության սպառման ինստիտուտները բավարարել», - ասաց տնտեսագետը։

2020 թվականին՝ առողջապահության համաշխարհային ճգնաժամի ֆոնին, իսկ Հայաստանում նաև մարտական գործողություններով պայմանավորված, Հայաստանի տնտեսությունը ևս ծանրագույն հետևանքներ է կրել, ՀՆԱ-ն կրճատվել է 7,6 տոկոսով, 2020-ին 6 տոկոսով կրճատվել էր նաև Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ներհոսքը՝ հասնելով մոտ 1.84 միլիարդի։

Աճող տրանսֆերտները պետք է դրական ազդեցություն ունենան նաև տնտեսական ցուցանիշների վրա՝ խթանելով սպառողական ծախսերը, ասում են տնտեսագետները։ Բացի այդ, այս տարի տրանսֆերտների աճը, ըստ Բոստանջյանի, դրական ազդեց նաև դրամի արժևորման վրա։

«Տրանսֆերտների ծավալի մեծացումը ևս իր հերթին ունեցավ մեծ նշանակություն, որ մենք կուրսային առումով չունենանք տրագիկ վիճակ», - ասաց Վարդան Բոստանջյանը։

Այս տարվա առաջին կիսամյակում դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 5,3 տոկոսով, իսկ հուլիսին՝ 3 տոկոսով:

XS
SM
MD
LG