Մատչելիության հղումներ

Նախարարի համոզմամբ, Հայաստանը տարեվերջին մոտ կլինի երկնիշ տնտեսական աճին, տնտեսագետն անիրատեսական է համարում


Հայաստանը մինչ տարեվերջ ավելի շատ մոտ կլինի երկնիշ տնտեսական աճին` անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմանը, երեկ կառավարության նիստից հետո կարծիք հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Շատ ֆակտորներից է կախված, բայց ես դեռևս մնում եմ այն կարծիքին, որ անվանական արժեքով ՀՆԱ-ն կաճի շատ ավելի շատ, քան երկնիշը, կաճի երևի 15-ից 20 տոկոսով, բայց ունենք բավական մեծ դեֆլյատոր, այսինքն՝ գնաճի ճշգրտումը, որը նվազեցնում է և, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք շատ մոտ կլինենք երկնիշ տնտեսկան աճին՝ իրական թվերով», - ասաց Քերոբյանը։

Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, Հայաստանը տարին կփակի 6,5 տոկոս տնտեսական աճով։

Էկոնոմիկայի նախարարը հիշեցնում է՝ Արժույթի միջազգային հիմնադրամն ավելի վաղ 2021-ի համար մոտ 1 տոկոս տնտեսական աճ էր ակնկալել։

«Այս պահին կարող ենք համարել, որ էդ 6,5 տոկոսը գործող հնարավոր կանխատեսումներից ամենահոռետեսականն է։ Օրեցօր փոխվում են կանխատեսումները։ Մենք այսօր ունենք առաջին յոթ ամսվա ցուցանիշները՝ 5,2 տոկոս, երեքշաբթի օրը Կենտրոնական բանկը կանխատեսեց 5,4 տոկոս, որը, կարծում եմ, էլի շատ պեսիմիստիկ գնահատական է», - ասաց Էկոնոմիկայի նախարարը։

Տարին երկնիշ տնտեսական ցուցանիշին մոտ արդյունքով փակելու վերաբերյալ նախարարի կանխատեսումն անտրամաբանական է, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ըստ նրա՝ նախարարի նշած ցուցանիշը հիմնված չէ տնտեսական հաշվարկի վրա, այլ արվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ «Եթե մենք ցանկանում ենք կամ փորձում ենք հասնել 10 տոկոսին մոտ տնտեսական ակտիվությանը, ապա պետք է նշեմ, որ այդպիսի հիմքերը չունենք այս 7 ամիսների ընթացքում, և կարող եմ նշել, որ կշարունակվի այս աճի տեմպը հաջորդ ամիսների ընթացքում, և ԱՄՀ-ի կանխատեսումն, ըստ էության, ավելի իրատեսական է և տրամաբանական», - ասաց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ այնուամենայնիվ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումն անգամ կարող է իրականություն չդառնալ՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի պատճառով։

Արդեն 6 օր է՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ոց հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը Իրանից Հայաստան մտնող բեռնատարների վարորդներից հարկեր է պահաջնում, փաստաթղթեր ստուգում։ Եթե Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակը չփոխվի, դա կարող է ուղիղ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության վրա, ասում է Սուրեն Պարսյանը։

«Իրանական բեռնատարները պարտադրված են հարկեր-տուրքեր վճարել՝ Հայաստանի տարածքով բեռներ տեղափոխելու համար, և դա, բնականաբար, թանկացնում է տրանսպորտային ծախսերը և դրա արդյունում կարող են շղթայաբար թանկանալ նաև Իրանից եկող ապրանքների գները։ Բացի այդ նշեմ, որ այդ տարածքով անցնում են ոչ միայն իրանական բեռները այլ նաև արաբական երկրների բեռները, որտեղից Հայաստանը ստանում է բեռներ, արտահանում է բեռներ», - ասաց տնտեսագետը։

Մինչ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, հուլիսի սկզբին, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-ին Հայաստանը տնտեսությունը կփակի 6 տոկոս տնտեսական աճով՝ գրեթե երկու անգամ ավելի, քան կառավարությունը սպասում էր անցած տարվա վերջին՝ 3.2 տոկոս։ 2021-ի պետական բյուջեով այս տարվա համար կանխատեսվում էր 4.8 տոկոս տնտեսական աճ։

XS
SM
MD
LG