Ղարաբաղի հարցը կախված է Ռուսաստանից ու Ադրբեջանից, մասամբ՝ Թուրքիայից, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրայանի հետ» հաղորդման ժամանակ ասաց առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ ընդգծելով որոշողները նրանք են։
Դիտարկմանը, թե ըստ արևմտյան վերլուծաբանների մի որոշակի հատվածի, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայանագիրն արձանագրում է մի իրավիճակ, որ կարելի է բնութագրել իբրև շատ շահեկան գործարք Ռուսաստանի համար, Լիպարիտյանն այսպես արձագանքեց․ - «Գիտեք Ռուսաստանին օգտակար է, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ես գոնե այդ տեսանկյունից չեմ դիտարկում՝ սա Թուրքիային է օգտակար, վնասակար է Ադրբեջանին, Ռուսաստանին, Վրաստանին, Ամերիկային։ Ինձ համար կարևորնն այն է, թե մեզ համար ինչ է նշանակում։ Իսկ մեզ համար պարտություն է՝ հստակորեն, մենք կորցրեցինք, և այդ փաստաթուղթը հաստատում է այդ կորուստը՝ տարածքների կորուստը, մեր իրավունքների կորուստը, Ղարաբաղի մասնակցության կորուստը, այդ բոլորը դարձան իրականություն և մենք ստորագրեցինք և ստիպված էինք ստորագրել, եթե ոչ, թերևս հավանաբար ավելի վատ կլիներ, հիմա այդ է իրականությունը։ Հիմա Ռուսաստանի համար հետաքրքիր էր անշուշտ։ Գիտեք որքան արագ նրանք մտցրին խաղաղապահ ուժերը, նրանք պատրաստ էին, նրանց համար Ադրբեջան մտնելը, որպես ռազմական գործոն, երկար տարիների ծրագիր էր, և կարողացան մտնել»։
Դիվանագետը մտահոգիչ է համարում Ղարաբաղից հնչող հայտարարությունները, թե կարևորն իրենց համար ռուսական գործոնն է։ Ընդգծելով, որ իհարկե անվտանգությունն կարևոր է՝ Լիպարիտյանը շեշտում է՝ չպետք է մոռանալ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հինգ տարվա համար է։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հինգ տարվա համար է, որը կարող է նորոգվել, ամեն հինգ տարի, բայց կարող է նաև չնորոգվի, չէ՞, պիտի հաշվի առնել։ Իսկ Ղարաբաղի ղեկավարությունն ասում է, որ եթե ռուսը չգա այնտեղ, հայ չի մնա այնտեղ։ Մենք պետք է մտածենք՝ սա ճի՞շտ քաղաքականություն է, թե կարելի է ուրիշ բաներ մտածել, որովհետև Ռուսաստանի վրա հույս դնելը, որ մշտական այնտեղ պետք է լինի, ես հարց ունեմ այդ կապակցությամբ․ ես գաղտնի բան չեմ ասում, հստակ հայտարարություններ կան, որ որոշ ժամանակ հետո Ռուսաստանը պետք է այնտեղ չլինի, պետք է դուրս գա և այստեղ մեկ հարց պետք է տամ՝ եթե Ադրբեջանը չորս տարուց Ռուսաստանին ասի, որ դուրս եկեք, այսինքն՝ երեքուկես տարուց պետք է նրանց զգուշացնի, որ հինգ տարվա վերջում պետք է դուրս գաք, որի իրավունքն ունի, Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, պետք է պնդի, որ մնա՞, թե՞՝ պիտի դուրս գա և ուրիշ միջոցներ մտածի։ Այս բոլոր սցենարները պետք է մտածենք․ կարող է մնալ հավիտյան և այնտեղ մենք որոշ բան ունենք»։
«Հայաստանը, փաստորեն, Ղարաբաղի համար երկրորդ ծրագիր չունի, բացի Ռուսաստանից»
Հայաստանը, ըստ Լիպարիտյանի, փաստորեն Ղարաբաղի համար երկրորդ ծրագիր չունի, բացի Ռուսաստանից, իսկ սա փորձառու դիվանագետը ևս մտահոգիչ է համարում։
«Հարցը հետևյալն է, որ Ղարաբաղի հարցը՝ ինչ-որ հարց մնացել է, կախված է Ադրբեջանից և Ռուսաստանից հիմնականում, մասամբ՝ Թուրքիայից, ուրիշ ոչ ոքից կախված չէ։ Հիմա այդ է, իրենք են որոշում, Ղարաբաղը գրեթե ասելիք չունի, կարելի է ասել՝ խոսեցինք, ընդունեցինք, չընդունեցինք, բայց Ռուսաստանի մնալ-չմնալը Ղարաբաղինը չէ, ոչ էլ՝ մերը։ Անշուշտ իրավական իմաստով մենք էլ ստորագրեցինք նոյեմբերի 9-ի համաձայանագիրը, որում ասվում է, որ ստորագրող կողմերից որևէ մեկը կարող է ասել 6 ամիս շուտ, որ մենք չենք ուզում Ռուսաստանի ներկայությունը։ Ռուսաստանն ինքը կարող է ասել՝ «ես դուրս եմ գալիս», Ադրբեջանը կարող է ասել՝ «դուրս եկեք», Հայաստանը կարող է ասել՝ «դուրս եկեք», որ Հայաստանն անշուշտ պիտի չանի, բայց այնտեղ Ադրբեջանն իրավունք ունի, Ռուսաստանը պարտավոր է, ըստ այդ փաստաթղթի, որ ինքն է միջնորդել, իսկ եթե դուրս չգա, ես կարծում եմ, որ այնտեղ Ադրբեջանը միջոցներ ունի սկսելու նեղացնել Ռուսաստանին, և վիճակը կարող է ծանր լինել Ռուսաստանի համար։ Փաստորեն, մենք երկրորդ ծրագիր չունենք Ղարաբաղի համար, բացի Ռուսաստանից, ուրիշ կարգադրություն չի պատկերացվում, և ինձ համար շատ մտահոգիչ է», եզրափակեց Ժիրայր Լիպարիտյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․