Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքները խստորեն պահպանելու հիման վրա: Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում` կապված Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ Հիշատակի օրվա հետ:
«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության հիման վրա», - վստահեցնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները և կատարել միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման», - ասված է հայտարարությունում:
Նշվում է նաև, թե Ադրբեջանի կառավարությունը «միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովմանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10 -ի եռակողմ հայտարարության»: