Մատչելիության հղումներ

ՔՊ-ն որոշել է ստեղծել ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կուսակցության նորընտիր պատգամավորների հետ։

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ավարտին լրագրողների հարցերին պատասխանեց ութերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ, որոշել են ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, որի մեջ կներառվեն նաև արտախորհրդարանական ուժերը. - «Քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Այդ հարցում կարծում ենք, որ նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք է լինի, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցությունների մասով։ Փորձենք հասկանանք օրենսդրական ինչ լուծումներ ենք տալիս, որ ներառված լինեն նաև ոչ պառլամենտական ընդդիմության ներկայացուցիչները»։

Նորակազմ խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Առաջին հերթին ընտրվելու է խորհրդարանի ղեկավարությունը. նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահների իշխանության թեկնածուները Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։

Սիմոնյանն ասաց, որ այսօր քննարկել են նաև խորհրդարանի մշտական հանձնաժողովների հարցը, սակայն չմանրամասնեց, թե որ հանձնաժողովները կվերցնի իշխող ուժը՝ նշելով, որ ցանկալի է դա անել ընդդիմադիր խմբակցությունների հետ քննարկելուց հետո» - «Մենք ունենք նախընտրած հանձնաժողովներ, բայց սպասում ենք մեր գործընկերների հետ հանդիպման, որպեսզի քննարկենք։ Դուք գիտեք, որ ըստ օրենքի հերթականությամբ ենք ընտրելու։ Այսինքն՝ երկու հատ մենք, երրորդը՝ արդեն երկրորդ տեղը զբաղեցրած դաշինքը, նորից երկուսը մենք։ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ունենալու հանձնաժողովի ղեկավար, կունենա հանձնաժողովի ղեկավարի տեղակալի հնարավորություն։ Եվ վերջում, երբ որ երեք հատ կընտրեն երկրորդ տեղը զբաղեցրած դաշինքը, արդեն մնացած հանձնաժողովները կանցնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։

«Ազատության» հարցին, թե արդյոք քննարկվել է ձևավորվելիք կառավարության կառուցվածքն ու կազմը, Ալեն Սիմոնյանն արձագանգքեց. - «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Այդ հարցի հետ կապված, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ գործադիրի իմ գործընկերին դիմեք»։

Պատասխանելով Արարատ Միրզոյանին և Տիգրան Ավինյանին վերաբերող հարցին, թե արդյոք նրանք կընդգրկվեն կառավարության կազմում՝ Սիմոնյանն ասաց. - «Այս պահին որևիցե բան չեմ կարող ասել։ Թե' պարոն Ավինյանը, թե' պարոն Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներ են, վարչության անդամներ են և շարունակելու են իրենց գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և որպես ակտիվ կուսակից»։

Սիմոնյանի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը սահմաններում տիրող իրավիճակը չի քննարկվել։

XS
SM
MD
LG