Մատչելիության հղումներ

Իշխող ուժը մերժում է պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու ԼՀԿ-ի առաջարկը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Արցախյան պատերազմի ու պարտության պատճառների, 44-օրյա իրարամերժ տեղեկությունների ու աղետալի հետևանքների մասին ամբողջ ճշմարտությունը բացահայտելու ճանապարհներ է փնտրում։

Այդ ամենը քննելու համար մտադիր է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերից կազմված հանձնաժողով ստեղծելու օրինագիծ ներկայացնել․ - «Հազարավոր մարդկանց կյանքերի մասին է խոսքը գնում, հազարավոր կիլոմետրեր տարածքների մասին է խոսքը գնում։ Հետևաբար էս առաջարկի այլընտրանք չկա»։

Պատերազմը քննող հանձնաժողով կարող է ստեղծվել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով։ Սակայն այս դեպքում այն ձևավորվելու է Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի հիման վրա, իշխող ուժը մեծամասնություն է լինելու, իսկ հանձնաժողովը ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը։

Ընդդիմադիր պատգամավորը սրան դեմ է։ Նրա համոզմամբ՝ պատերազմը քննող հանձնաժողովում խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերը պետք է ներկայացված լինեն ու ունենան նույն քանակով ներկայացուցիչներ։ Այսպիսի հանձնաժողով կարող է ձևավորվել կառավարության որոշմամբ՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը քննող փաստահավաք խմբի օրինակով։ Մարուքյանի այս առաջարկը իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է։ Եվ պատգամավորը մտադրվել է նոր հանձնաժողովի մասին օրինագիծ ներկայացնել․ - «Ցրողական պատասխան, որ՝ ձեր առաջարկությունը անհրաժեշտ է այլ օրենսդրական կարգավորումների և չգիտեմ ինչ․․․ Բայց բանավոր էլ ասել են, որ չէ»։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու առաջարկով դիմել է նաև արտախորհրդարանական ուժերին։ Պատասխաններն արդեն ստացել է։ Հանրապետական կուսակցությունը մերժել է՝ հիմնավորելով, թե գոծող վարչակազմի պաշտոնավարման պարագայում անհնար է համարում հանձնաժողովի արդյունավետությունը։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը առանց առաջարկների համաձայնել է ընդգրկվել։ ԲՀԿ-ն գաղափարը հավանել է։

Հայ հեղափոխական դաշնակցությունն է հենց առաջարկել նոր հանձնաժողովի մասին օրինագիծ ներկայացնել, ինչին ԼՀԿ-ն համաձայնել է․ - «Ես էլ էի մտածում օրենքով անենք։ Ուղղակի ուզում էի արագ անենք։ Արագ չստացվեց, արդեն երկու ամիս ա էդ նախագիծը էստեղից էնտեղ ա գնում անիմաստ։ Հիմա ես պատրաստվում են դա դարձնել օրենքի նախագիծ»։

Պատերազմը քննող հանձնաժողով օրինագծի վերաբերյալ Մարուքյանը քննարկումներ է սկսելու քաղաքական ուժերի հետ, ինչի արդյուքնում էլ կհստակեցվի, թե քանի անդամից է բաղկացած լինելու, որքան ժամանակով է գործելու և ինչ լիազորություններով։

Կաջակցի՞ ԲՀԿ-ն ԼՀԿ-ին այս հարցում, խմբակցությունում դեռ չեն քննարկել։ Պատգամավոր Արման Աբովյանը փոխանցեց, որ իրենց համար առաջնահերթը ոչ թե իշխանականների հետ որևէ բան քննարկելն է, այլ նրանց հեռանալը․ - «Մեզ համար առաջանայինը Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցն է։ Երկրորդը, յուրաքանչյուր ֆորմատ, որտեղ ներգրավված են իշխանության ներկայացուցիչները, մեզ համար լուրջ քննարկելու թեմա է, որովհետև մենք բազմաթիվ անգամ ընդգծել ենք, որ մենք չունենք իրենց հետ ընդհանուր օրակարգ։ Բայց դա բնավ չի նշանակում, որ բոլոր առաջարկները չեն քննարկվում։ Մենք կքննարկենք, ձեզ կտեղեկացնենք»։

Պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման օրինագիծն ընդունելու համար միայն ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի ձայները բավարար չեն։ Կաջակցի՞ իշխանությունը ընդդիմադիր պատգամավորին։ Մեր այս հարցին իշխանական պատգամավոր, Աժ անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց. – «Իսկ Մարուքյանն ինչո՞ւ էշրջանցում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված ճանապարհը։ Պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ հարցերը քննում են Ազգային ժողովի համանուն հանձնաժողովը»։

«Քննիչ հանձնաժողով մեզ պետք չի։ Մենք չենք ուզում, որ մի հանձնաժողով, որտեղ լինի իշխանությունը մեծամասնություն, իսկ քննիչ հանձնաժողովում լինելու է մեծամասնություն, քննի իշխանության ենթադրյալ հանցագործությունները», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG