Մատչելիության հղումներ

Պատվաստվելու կամ թեստավորվելու պահանջին ընդառաջ տնտեսվարողները մտահոգ են` բարեխիղճների բեռն է միայն ավելանալու


Հոկտեմբերի 1-ից Հայաստանում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատվաստված լինի կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնի, հակացուցումներ ունենալու դեպքում էլ գործատուին բժշկի տեղեկանք ներկայացնի։ Նորամուծությանն ընդառաջ առողջապահության նախարարն արձանագրում է` պատվաստումների թիվը վերջին երկու օրերին շեշտակի ավելացել է։ Անահիտ Ավանեսյանը մինչդեռ այդ աճն ամենևին էլ չի կապում մեկ շաբաթից ուժի մեջ մտնող պահանջի հետ։

Առողջապահության նախարարը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ
Առողջապահության նախարարը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ

«Երեկ չէ առաջին օրն իրականացրել ենք 9924 պատվաստում, երեկ իրականացրել ենք 8440 պատվաստում: Սա խոսում է նրա մասին, որ մեր քաղաքացիների մոտ բավական մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման», - հավաստիացնում է նախարարը։

Թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում վերահսկողությունն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է իրականացնելու։ Եթե աշխատակիցը ո՛չ պատվաստվի, ո՛չ էլ ՊՇՌ թեստ ներկայացնի, տուգանվելու է նրա գործատուն` 10-ից 120 հազար դրամ։

«Շատ-շատ խանութներ կան, որ չեն էլ նկատում` դու դիմակով ես, դիմակով չես, նույն էլ լինելու է այն ժամանակ: Չեմ կարծում, որ այդպես իդեալական կլինի», - «Ազատության» հետ զրույցում նկատեց երևանյան խանութներից մեկի տնօրեն Էլմիրա Հովսեփյանը: Նրա խոսքով` այս դեպքում էլ է բարեխիղճ տնտեսվարողների բեռն ավելանալու, մյուսները շրջանցելու են՝ թույլ վերահսկողության պատճառով։

«Ինչ-որ պետական հաստատություններ կուզեն, որ լինեն աշխատողները թեստավորված կամ պատվաստված, բայց մնացած տեղերում էլի նույն վիճակն է լինելու: Հարցի լուծում պետք է գտնել և ավելի լուրջ», - կարծում է նա:

Թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քանի աշխատակից ունի, և արդյոք այդ ռեսուրսները կբավականացնեն ստուգայցեր իրականացնելու համար, անգամ կառույցի ղեկավարները չգիտեն:

Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը վստահեցնում է` չգիտի հստակ, թե քանի տեսուչ է աշխատում մայրաքաղաքում, բայց վստահ է՝ լիարժեք վերահսկողություն կարող են անել. «Մեր ռեսուրսները բավական են, որ լիարժեք իրականացնենք մեր առջև դրված բոլոր խնդիրները», - «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց նա:

Հարցադրմանը` համոզվա՞ծ են, որ կարող են լիարժեքորեն վերահսկել, որ բոլորը հետևեն կանոններին, չլինեն անբարեխիղճ տնտեսվարողներ, այն դեպքում, երբ հիմա օրինակ` շատ փակ տարածքներում դիմակներ չեն դնում, նա արձագանքեց. «Վերահսկողությունը մեր կողմից իրականացվում է ամենօրյա ռեժիմով»:

Ստուգայցերի մասին հաղորդագրություններն էլ պարբերաբար պաշտոնական կայքում են հրապարակվում։ Մինչդեռ «Ազատությունն» այս օրերին նրանց աշխատակիցներին չնկատեց ո՛չ կանգառներում, ո՛չ էլ հանրային այլ վայրերում։

Հակահամաճարակային կանոնների վերահսկողությունը խստացնելու մասին կառավարությունն անցած ամսվանից է հայտարարել, այնուամենայնիվ հանրային վայրերում անցած մեկ ամսում շատ բան չի փոխվել, հանրային տրանսպորտում ու խանութներում գերակշիռ մասն առանց դիմակ է։

«Մեզ համար շատ ավելի դժվար է, քանի որ չկա տրանսպորտում վերահսկողություն, դրսում, մյուս խանութներում թեկուզ: Եթե մենք ասում էլ ենք, մեզ ասում են` ինչո՞ւ միայն դուք», - նշում է խանութներից մեկի մենեջերը:

Մինչ այդ կորոնավիրուսի դեպքերը շարունակում են աճել։ Անցած օրը Covid-19-ով վարակվածության 906 դեպք է արձանագրվել, հիվանդությունից ևս 16 մարդ է մահացել։

XS
SM
MD
LG