Մատչելիության հղումներ

Սիրիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը


Սիրիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Այն ընթանում է միայն այն շրջաններում, որոնք գտնվում են պաշտոնական Դամասկոսի վերահսկողության ներքո։

Սիրիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պնդմամբ, ընտրելու իրավունք ունի շուրջ 18 միլիոն սիրիացի։

Ընտրարշավի առաջատարը 2000 թվականին իշխանությունը հորից ժառանգած Բաշար Ասադն է, որ արդեն չորրորդ անգամ է առաջադրվում երկրի նախագահի պաշտոնում։

Նրա երկու մրցակիցները՝ կառավարության նախկին անդամներ Աբդալա Սալում Աբդալան և Մահմուդ Ահմեդ Մարեին առաջադրվել են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ոչ մեծ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։

Reuters-ի տեղեկություններով՝ Դամասկոսի մի շարք տեղամասերում ընտրողների բավական մեծ ակտիվություն է նկատվում, չի բացառվում, սակայն, որ քվեարկողներին, նախևառաջ պետական բուհերի ուսանողներին, կազմակերպված կերպով՝ ավտոբուսներով, բերում են տեղամասեր։

Միջազգային հանրությունը ընտրությունների օրինականությունը չի ճանաչում։ Նախօրեին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարն ու Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարները՝ քննադատելով Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ դրանք չեն կարող ազատ և արդար համարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG