Մատչելիության հղումներ

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրը երեխաներ են զոհվել»․ HRW-ն զեկույց է հրապարակել


Տուն Մարտակերտի շրջանում՝ հրետակոծությունից հետո, 19-ը նոյեմբերի, 2020թ
Տուն Մարտակերտի շրջանում՝ հրետակոծությունից հետո, 19-ը նոյեմբերի, 2020թ

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Պատերազմի դասերը» վերնագրով։

Իրավապաշտպան կառույցը նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրը երեխաներ են զոհվել․ սեպտեմբերի 27-ին Մարտունու շրջանում արկի պայթունից սպանվել է 9-ամյա Վիկտորիա Գևորգյանը։ Նույն օրն Ադրբեջանի Նավթալան քաղաքում արկից զոհվել են 13-ամյա Շահրիյար Գուրբանովը և նրա զարմիկը՝ 14 տարեկան Ֆիդան Գուրբանովան և ընտանիքի 3 այլ անդամներ։

Վկայակոչելով տարբեր աղբյուրների հրապարակած փաստաթղթեր՝ Human Rights Watch-ը նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում սպանվել է ավելի քան 150 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում կա առնվազն 10 ադրբեջանցի երեխա: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները, մեծ թվով բնակիչների տներ ավերվել են:

Ըստ պաշտոնական տվյալների՝ վնասվել կամ ավերվել է առնվազն 71 դպրոց հայկական կողմից, այդ թվում՝ երկուսը Հայաստանի Հանրապետության տարածքում, և 54 ադրբեջանական դպրոց։

2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորել է մոտ 24 հազար աշակերտ։ Նոյեմբերի դրությամբ, այդ դպրոցներից 107-ը, որտեղ գրանցված էր 6 հազար 834 աշակերտ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Այդ տարածքներում նախկինում բնակվող հայերը տեղափոխվել են Հայաստան կամ Ղարաբաղում հայերի հսկողության տակ մնացած շրջաններ, որտեղ աշակերտների համար դպրոցներ վերաբացելու հարցում կան մեծ դժվարություններ: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվել են, բայց որոշ դպրոցներ գործնականում դատարկ մնացին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ո՞րն է հետագա ճանապարհը․ Human Rights Watch-ի համոզմամբ, մինչ Ադրբեջանը և Հայաստանը դպրոցներ են կառուցում և վերանորոգում, երկու կողմերը պետք պարտավորվեն երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողներն, այս ուսումնական տարում կունենան դպրոցի հասանելիության հնարավորություն:

Հայաստանը մեկն է 111 երկրներից, որոնք հավանություն են տվել Անվտանգ դպրոցների հռչակագրին, որը կարևորում է կրթության պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ:

Ըստ Human Rights Watch-ի՝ Ադրբեջանը պետք է հետաքննի բոլոր այն դեպքերը, երբ իր ուժերը ռազմական թիրախներ են տեղադրել դպրոցների մոտ: Ադրբեջանը նաև պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին: Հակամարտությունը և դրա հետևանքները ցույց են տալիս կրթությունը հարձակումներից պաշտպանելու գլոբալ նորմերի նկատմամբ պարտավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը, ասված է զեկույցում:

XS
SM
MD
LG