Մինչ Ադրբեջանի նախագահը Քելբաջարում հերթական սկանդալային հայտարարություններն է անում այն մասին, որ Սյունիքն ու Սևանն ադրբեջանական տարածքներ են, և Ադրբեջանը դրանք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով անպայման կվերադարձնի, Ռուսաստանի արտգործնախարարը բեռնափոխադրումներով զբաղվող ռուսաստանյան ընկերություններին կոչ է անում ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին՝ շեշտելով, թե կարևոր է, որ Ղարաբաղի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ադրբեջանցի զինվորականները ամիսներ շարունակ գտնվում են Հայաստանի տարածքում և ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից պահանջում է քայլեր ձեռնարկել նրանց այնտեղից դուրս հանելու համար: ՀԱՊԿ-ն ու պաշտոնական Մոսկվան հայտարարում են, որ սահմանային միջադեպերը պետք է կարգավորել բանակցային ճանապարհով և հորդորում հնարավորինս արագ սկսել սահմանազատման աշխատանքները։
Ադրբեջանի նախագահը, սակայն, մինչև սահմանազատում հայտարարում է, թե Սև լիճը ադրբեջանական տարածք է և ընդհանրապես ադրբեջանցիները որտեղ կուզեն, այնտեղ էլ կտեղակայեն իրենց զորքերը։
«Հայաստանի հայտարարությունները միանգամայն անհիմն են։ Մենք մեր հողի վրա ենք, Գարագյոլը [Սև լիճը] մերն է, մյուս տարածքներն էլ մերն են։ Մենք վերադարձանք։ Այդ տարածքը 30 տարի եղել է հայերի մոտ։ Եթե սահմանն անցնում էր այն տարածքով, որի մասին խոսում էին հայերը, ապա ինչո՞ւ նրանք այնտեղ չմնացին, ի՞նչ է տեղի ունեցել։ Երբ մենք եկանք ու կանգ առանք, նրանք հայտարարեցին, որ մենք մեր տեղում չենք։ Մենք կանգնած ենք այն վայրում, որտեղ որ պետք է, և եթե ցանկանանք, կկանգնեն այն տեղերում, որտեղ կուզենք», - հայտարարել է Ալիևը:
Իլհամ Ալիևը Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ ասել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածքներն ու զորամասեր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ամրապնդում են այդ սահմանները: Նրա խոսքով՝ պետական սահմանի ամրապնդում է ընթանում Քելբաջարի, Լաչինի և Զանգեզուրի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ մի քանի ամիս առաջ, երբ ադրբեջանցի զինվորականները ներթափանցել էին Սև լճի տարածք Բաքուն ասում էր, որ այդ լճի մի մասն իրենցն է, այսօր Բաքուն հայտարարում է, որ Սև լիճն ամբողջությամբ իրենցն է, և ընդհանրապես իրենցն է ամենը, ինչ կուզենան։ Փաստարկներից մեկն էլ Ալիևի տրամաբանությամբ այն է, որ հայերը, երբ ադրբեջանցի զինվորականները եկել էին Սև լիճ, ոչինչ չարեցին հայտարարություններից բացի։
Ադրբեջանի նախագահն այսօր խոսել է ոչ միայն Սև լիճի մասին։ Մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, թե տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումն ու ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անկեղծանում է տեսախցիկների առջև և հայտարարում, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական տարածք՝ Զանգեզուր և Սևան։
«Արևմտյան Զանգեզուրը ներկայումս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ։ Բայց Զանգեզուրի միջանցքը, մենք, իհարկե, կօգտագործենք մեր քաղաքացիներին մեր հողեր վերադարձնելու համար։ Նման ծրագրեր կան, և դա բնական է։ Քանի որ մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են ներկայիս Հայաստանի տարածքից ոչ միայն Զանգեզուրից, այլ նաև նրան սահմանակից Մահալ Գեյչից [Սևանի տարածքից], և նրանք իրավունք ունեն գնալ և ապրել իրենց հայրենի հողերում։ Մենք դա թողել ենք հաջորդ փուլին», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Ի դեպ՝ Ալիևի վերջի շրջանի հայտարարությունները ուղղված են ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև Ռուսաստանի։ Նա երեկ, մասնավորապես, սպառնացել է դատի տալ միջազգային ընկերություններին, որոնք, իր խոսքով, ապօրինի հանքարդյունաբերությամբ են զբաղվել Ղարաբաղի հարակից շրջաններում։ Խոսքը Հայաստանում գործող ամենախոշոր ոսկու հանքավայրի՝ Սոթքի մասին է։ Ոսկու այդ հանքի շահագործմամբ զբաղվում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Օրեր առաջ էլ Ալիևը հայտարարել էր, թե Մոսկվան չպետք է զինի պատերազմում պարտված Հայաստանին:
Այս կոնտեքստում ուշագրավ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ կարևոր է, որպեսզի ռուսաստանյան ընկերություններն ակտիվ մասնակցեն Ղարաբաղի տնտեսական զարգացմանը; Ընդ որում՝ Լավրովն այս հայտարարությունն արել է Բեռնափոխադրողների միջազգային ասոցիացիայի հետ հանդիպմանը:
«Ղարաբաղում ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն ըստ իս կունենա ակնհայտ տնտեսական օգուտ», - ասել է Լավրովը՝ միաժամանակ կարևորելով, որ Ղարաբաղի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ: