Մատչելիության հղումներ

«Այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում». Արարատ Միրզոյան


«Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում», - այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Սա Միրզոյանի առաջին արտասահմանյան այցն է արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Այցի շրջանակներում տեղի ունեցած հայ -ռուսական բանակցություններին Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի ռազմավարությունն է, սակայն խաղաղության խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը։ Ընդ որում՝ Արարատ Միրզոյանը այս միտքը կրկնել է թե՛ Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով բանակցությունները սկսելիս, թե՛ համատեղ ասուլիսին։

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է մի քանի անգամ, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, իր ուզած ձևով է այդ համաձայնագրի դրույթները մեկնաբանում և, ընդհանրապես, խախտում է միջազգային նորմերը։

Տուն պետք է վերադառնան բոլորը. Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

Միրզոյանը մոսկովյան իր առաջին բանակցություններին խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին: Հիշեցնենք, նրանց հստակ թիվն այսօր էլ հայտնի չէ։ Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին հայ ռազմագերիների մի մասին վերադարձնելու համար, սակայն ընդգծել է, որ տուն պետք է վերադառնան բոլորը։

Հետաքրքիր հայտարարություն ռազմագերիների մասին այսօր արել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Եթե նախկինում պաշտոնական Մոսկվան ընդգծված հայտարարում էր, որ ռազմագերիների վերադարձի հարցում ունի հստակ դիրքորոշում՝ բոլորը բոլորի դիմաց, այսօր Լավրովը փորձեց արդարացնել Բաքվին՝ ասելով. - «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի 8-րդ կետում խոսվում է այն ռազմագերիների մասին, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ժամանակ, իսկ այսօր Բաքվում պահվում են մարդիկ, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո»։

Այդուամենայնիվ, Լավրովն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը խաղաղությանն ուղղված լավ քայլ կլիներ Բաքվի կողմից, ինչպես նաև նման քայլ կլիներ, եթե Հայաստանը Ադրբեջանին հանձներ ականապատված բոլոր տարածքների քարտեզները։

Ռուսաստանի արտգործնախարարն այսօր նաև հերթական անգամ խոսեց դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտության մասին։ Իսկ Հայաստանի արտգործնախարարը մի քանի անգամ շեշտեց՝ և՛ հանդիպմանը, և՛ համատեղ ասուլիսին, որ Ադրբեջանը խախտել է միջազգային նորմերը և մայիսի 12-ին ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք:

«Այսօրվա բանակցություններում եկել ենք այն կարծիքի, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեության անհրաժեշտություն կա». Սերգեյ Լավրով

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո բանակցությունների վերսկսմանը, ապա՝ արդյոք պե՞տք է վերականգնել ղարաբաղյան բանակցային գործընթացը հարցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանեց, թե այսօր խոսքը ոչ թե բանակցային գործընթացը վերսկսելու մասին է, այլ՝ եռակողմ համաձայնագրերը կատարելու: Նրա խոսքով՝ եռակողմ համաձայնագրերի կատարումը կփոխի իրավիճակը տարածաշրջանում, կդարձնի այն ավելի անվտանգ և վստահության մթնոլորտ կստեղծի հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ինչն էլ իր հերթին ի վերջո կբերի քաղաքական կարգավորմանը:

Սակայն մինչ այդ՝ իր ելույթում համատեղ մամուլիս ասուլիսին այսօրվա հանդիպումից խոսելիս Լավրովը նշել էր. «Այսօրվա բանակցություններում եկել ենք այն կարծիքի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտություն կա»:

Հիշեցնենք՝ երեկ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին, թեև մինչ այդ պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում էր, թե ղարաբաղյան խնդիրը կարգավորված է և Մինսկի խումբն այլևս անելիք չունի:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման հարցերը՝ առանց մանրամասների: Միրզոյանը միայն շեշտել է, որ Ադրբեջանը յուրովի է ներկայացնում եռակողմ համաձայնագրերում այդ մասին դրույթները:

Երեկ երեկոյան Հայաստանի արտգործնախարարը ընթրիք է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

XS
SM
MD
LG