Մատչելիության հղումներ

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը դադարեցվել է՝ համաճարակաբանների պահանջով


Սան Պաուլույի «Կորինտիանս» մարզադաշտ, արխիվ
Սան Պաուլույի «Կորինտիանս» մարզադաշտ, արխիվ

Բրազիլիայի ոստիկանությունն ու տեղի հակահամաճարակային ծառայությունները խափանել են կիրակի երեկոյան Սան Պաուլույի «Կորինտիանս» մարզադաշտում ընթացող Բրազիլա-Արգենտինա հանդիպումը։

Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման մեկնարկից հինգ րոպե անց դաշտ են դուրս եկել մի խումբ ոստիկաններ և Բրազիլիայի սանիտարական ծառայության Anvisa-ի աշխատակիցները՝ հայտարարելով, որ Արգենտինայի հավաքականի անդամներից չորսը խախտել են Covid 19-ի համաճարակի պատճառով Բրազիլիայի տարածքում գործող կանոնները։

Բրազիլացիների պնդմամբ, անգլիական Պրեմյեր Լիգայում հանդես եկող Արգենտինայի հավաքականի անդամներ Քրիսիտիան Ռոմերոն, Ջովանի Լո Չելսոն, Էմիլիանո Մարտինեսը և Էմիլիանո Բուենդիան երկիր մուտք գործելուն պես պետք է ենթարկվեին կարանտինի։ Բանն այն է, որ Բրազիլիայում գործող կանոնների համաձայն, վերջին 14 օրերի ընթացքում Մեծ Բրիտանիայի տարածք այցելած յուրաքանչյուր անձ ենթակա է պարտադիր ինքնամեկուսացման։

Բրազիլիայի իշխանությունները չեն հստակեցնում, սակայն, թե ինչու են արգենտինացի խաղացողներին այդ մասին տեղեկացրել ոչ թե սահմանը հատելու պահին այլ հանդիպման մեկնարկից հետո։

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ֆեդերացիաների ընկերակցությունը (CONMEBOL) դատապարտել է բրազիլական իշխանությունների գործողությունները՝ նշելով, որ «պաշտոնական խաղերի չեղարկումը բացառապես ՖԻՖԱ-ի իրավասության շրջանակներում է»։

XS
SM
MD
LG