Թուրքիան արդեն սկսել է բանակցությունները թալիբների հետ․ նախագահ Էրդողանի խոսքով, կողմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել Քաբուլում և շարունակվել է ավելի քան երեքուկես ժամ:
«Մենք որևէ մեկի թույլտվության կարիքը չունենք, որպեսզի որոշում կայացնենք`որտեղ, երբ և ում հետ պետք է բանակցենք», - երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ նա թալիբների ղեկավարներին հրավիրել էր Անկարա՝ հանդիպման, և առաջարկել Թուրքիայի աջակցությունը Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցում:
«Թալիբան» շարժումը հայտարարել էր, թե թուրք զինվորների կարիքը չունի, բայց չէր բացառել, որ կարող են բանակցել այլ հարցերում:
Երեկ Էրդողանն ասել է, թե զինված շարժումն առաջարկում է, որ օդակայանը մնա թալիբների վերահսկողության տակ, իսկ թուրքական կողմը ապահովի դրա կառավարումը:
«Մենք քննարկում ենք այս հարցը, և վերջնական որոշում դեռ չունենք», - ասել է նա:
Կառավարամետ «Սաբահ» թերթը գրել էր, թե Անկարայում զգուշանում են սեփական մասնագետներին ուղարկել Աֆղանստան, եթե տեղում զինվորներ չունեն՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար: