Մատչելիության հղումներ

Քաբուլ՝ փողոցներում հարաբերական անդորր, օդակայանում՝ քաոս և մարդկային դրամա


Երկրից հեռանալու մտադրություն ունեցող հազարավոր աֆղանստանցիներ հավաքվել են Քաբուլի օդակայանի մոտ, 20 օգոստոսի, 2021թ.
Երկրից հեռանալու մտադրություն ունեցող հազարավոր աֆղանստանցիներ հավաքվել են Քաբուլի օդակայանի մոտ, 20 օգոստոսի, 2021թ.

Երկիրը գրաված թալիբները խոսում են համերաշխության և միասնության մասին: Այսօր ուրբաթ է, մահմեդական աշխարհում հատուկ աղոթքի օր:

Դիմելով մզկիթներում հավաքված մարդկանց, կրոնավոր սպասավորները՝ իմամները, փորձում են վստահեցնել, որ ամեն ինչ հանգիստ է:

«Իմ ուղերձը եղբայրներիս, ովքեր դեռ առնչություն ունեն հին կառավարության հետ, շատ հստակ է՝ եկեք այստեղ, միացեք մեզ, եկեք միասին երկրում հաստատենք մահմեդական համակարգ, մենք իրար պետք է ձեռք մեկնենք հանուն մեր երկրի խաղաղության և կայունության»,- աղոթքից հետո ասել է «Թալիբան» շարժման երիտասարդ անդամ Ֆազլ Ալահը:

Իմամները մզկիթներում հավաստիացնում են, որ վախի ժամանակն անցել է, երկրին անհրաժեշտ է համերաշխություն և միասնություն:

Առաջին հայացքից Քաբուլի փողոցներում հարաբերական անդորր է, բացվել են որոշ խանութներ, շուկաներ, մարդիկ փորձում են արագ ավարտել գործերն ու առանց լրացուցիչ գլխացավանքի վերադառնալ տներ:

Բայց որքան մոտ օդակայանին՝ այնքան ավելի է նկատելի տագնապն ու լարվածությունը, Համիդ Քարզայի անվան միջազգային օդակայան տանող ճանապարհներին զինված թալիբների ջոկատներ են, բուն օդակայանին հարող տարածքում` բղավոցներ, կրակոցներ, խուճապ:

Հազարավոր մարդիկ փորձում են մի կերպ անցնել ավտոմատավորների պատնեշը, համոզել, որ ունեն տոմսեր, անհրաժեշտ փաստաթղթեր:

Մորուքավոր զինյալներն իրենց հրամանատարներից հավանաբար ստացել են մարդկանց անհարկի չգնդակահարելու կարգադրություն, հեռացողների կամ հեռանալ ցանկացողների նկատմամբ ջերմություն չեն դրսևորում, բայց թշնամանքն էլ փորձում են զսպել:

Երբեմն թալիբներն օդ են կրակում, երբեմն ձայնային նռնակներ են նետում: Իսկ պարսպից այն կողմ արևմտյան ռազմական բեռնատար օդանավերն են, այնտեղ ամերիկացիներն են, կան գերմանացիներ, ՆԱՏՕ-ի այլ երկրներից ժամանած զինվորներ:

Պարսպից այն կողմ անցնել բնավ չի նշանակում ստանալ բաղձալի ազատությունը, դեռ պետք է մոտենաս ինքնաթիռին, այդ քաոսի, հրմշտոցի մեջ ամերիկացուն կամ գերմանացուն մի կերպ համոզես, որ պետք է հեռանաս երկրից, քանի որ թալիբները քեզ կոչնչացնեն, դեռ պետք է տեղ գտնես օդանավում:

Թալիբների կողմից Աֆղանստանի մայրաքաղաքը գրավելուց հետո Համիդ Քարզայի օդակայանից դուրս է մեկնել ավելի քան 18 հազար մարդ՝ օտարերկրացի դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ և այսպես կոչված «վտանգված աֆղանստանցիներ»:

Այդ կատեգորիայում են թարգմանիչներ, տեխնիկական աշխատողներ, վարորդներ, մարդիկ, ովքեր 20 տարվա ընթացքում համագործակցել են Ամերիկայի և արևմտյան այլ երկրների դեսպանատների հետ:

«Վտանգված աֆղանստացիների» հետ, բնականաբար, դուրս են մեկնում նաև նրանց ընտանիքների անդամները:

«Օգոստոսի 14-ից սկսած մենք օդային ճանապարհով 7 հազար մարդ ենք տարհանել: Այս պահին օդակայանում դեռ կա մոտ 6 հազար մարդ, մեր հյուպատոսական ծառայությունն աշխատում է նրանց հետ, շուտով նրանք էլ կբարձրանան օդանավեր»,- ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Վտանգված աֆղանստանցիների» թվում, թերևս, առավել խոցելի են կանայք, որոնց համար շարիաթի խստագույն կանոններով առաջնորդվող մորուքավոր զինյալների իշխանությունը բանտից էլ սարսափելի է:

Աներևակայելի փաստ, այդ կանայք համարձակվել են Աֆղանստանի մայրաքաղաքում այսօր բողոքի ակցիա կազմակերպել:

«Այստեղ կանայք են, ովքեր աշխատում են կառավարության համար և կորպորատիվ սեկտորում, մենք մեր իրավունքներն ենք պահանջում, մենք չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ, մենք շատ երկար ժամանակ ենք պայքարել մեր իրավունքների համար, մենք պահանջում ենք դեմոկրատական կառավարություն Աֆղանստանում, որը կճանաչվի ՄԱԿ-ի կողմից, մենք ուզում ենք այն բոլոր իրավունքները, որոնք իսլամը տալիս է կնոջը»,- ասել են այս հուսահատված կանայք:

Թալիբները խոստացել են, որ կանայք և աղջիկները կունենան կրթություն ստանալու և աշխատելու իրավունք: Օդակայանում հավաքված հազարավոր մարդիկ, ամենայն հավանականությամբ, չեն հավատում այդ խոստումներին:

XS
SM
MD
LG