Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հավաստիացրել է` լրագրողների տեղաշարժին վերաբերող փոփոխություններն անվտանգության նորմերից են բխում


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հուլիսի խորհրդարանի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմերը, որոնց համաձայն պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ: Խոսքը, ինչպես հիշեցնում է ԱԺ լրատվականը, պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակներ տանող միջանցքների մասին է:

Ի պատասխան այն հարցին, որ կանոնակարգումը լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ դրանց բնույթը բացառապես անվտանգության նորմերից է բխում: Նա հավելել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար՝ որպես օրինակ բերելով տեղեկատվական ցանկացած առիթի դեպքում համապատասխան բանախոսների ապահովումը:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ օրերսլրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է յուրաքանչյուր ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին:

Հիշեցնենք` ըստ փոփոխությունների` խորհրդարանում լրագրողների աշխատանքը կթույլատրվի միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Իսկ պատգամավորների աշխատասենյակներին հասնել լրագրողները չեն կարող, եթե չունեն պատգամավորի համաձայնությունը:

XS
SM
MD
LG