Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունեց 2021-2026 թվականների ծրագիրը 


Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծման համար կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ՝ այսօր գործադիրի նիստում ներկայացնելով կառավարության 2021-2026թթ. ծրագիրը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծրագիրը, որը բաղկացած է վեց բաժիններից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում, ըստ նախաբանի, հիմնված է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության վրա:

«Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային: Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ», - հայտարարեց Փաշինյանը:

«Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է»,- շարունակեց Փաշինյանը:

«Միաժամանակ ժողովրդավարության թյուր ընկալումը որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Վարչապետը «մեծագույն առաքելություն» բնորոշեց Հայաստանի համար խաղաղության դարաշրջան բացելը. «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև՝ տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»:

Ծրագրում Հայաստանի անվտանգության ապահովման առաջին գործոն է նշված «Հայոց արդիականացվող բանակը», որին հաջորդում են հայ-ռուսական ռազմավարական դաշինքը և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Առաջինը որպես այդպիսին նշվում է հայոց արդիականացվող բանակը: Դուք գիտեք, որ Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը, և այս առումով, իհարկե, բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը: Պիտի ընդգծեմ ակտիվ արտաքին քաղաքականությունը որպես անվտանգության ապահովման հաջորդ կարևորագույն գործոն», - ասաց վարչապետը:

Ծրագրի համաձայն, ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, և այդ նպատակով նախատեսվում է սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում, սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում, պետական սահմանի ինժեներական կահավորում, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն: Ստեղծվելու է Արտաքին հետախուզական ծառայություն:

«Մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին արդյունքի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս, ֆորմալ հատվածի ոչ պետական հատվածի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսի, 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել: Միևնույն ժամանակ, անդրադառնալով քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներին, մենք հետևյալ թիրախներն ենք մատնանշել՝ նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին: Նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG